Հասմիկ Հարությունյան. Գիտե՞ք ինչու են արգելում դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրել
Գիտե՞ք ինչու են արգելում դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրել։ Որովհետև չեն կարողանում նրանց կաշառել ո’չ իրենց սուտ ու անցողիկ «անվճար» բժշկական ծառայությամբ, ո’չ անորակ ասֆալտի պատառիկներով, ո’չ թոշակի ձևական հավելումներով՝ ոչ մի բանով։ Եվ չեն կարողանում նաև նրանց վրա ներգործել աշխատանքից հեռացնելու կամ այլ բռնությունների ու ճնշումների սպառնալիքներով։ Հետևաբար, իշխանություններին չընտրելու մեջ կասկածվողներին բանտ են նստեցնում, արգելում ՀՀ մուտք գործել, արգելում ՀՀ-ից դուրս գալ։ Եթե 6 ամիս և ավելի դրսում բնակվող քաղաքացին չի կարող իր այսպես ասած լուման ներդնել Հայաստանում իշխանության ձևավորմանը, ապա ուրեմն բարի եղեք 6 ամսից ավել դրսում բնակված քաղաքացիներին ազատել նաև զինապարտությունից։ Չեք կարող քաղաքացիության մի ատրիբուտից զրկել, մյուսը պահպանել։
Անձամբ ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ երկքաղաքացիությանը։ Բայց, քանի դեռ այն կա, քանի դեռ մարդը ՀՀ քաղաքացի է, պարտավոր եք ոչ միայն այդ քաղաքացիությունն ունեցող բոլոր չափահաս անձանց թույլ տալ մասնակցելու ընտրություններին, այլև պարտավոր եք հնարավորություն ստեղծել, որ նրանք կարողանան քվեարկել նաև այն երկրներում, ուր գտնվում են ընտրությունների պահին։
Մի խոսքով. 6 ամսից ավելի դրսում գտնվող քաղաքացիներին ընտրության իրավունքից զրկելու նպատակը ոչ թե կաշառակերության կանխումն է, այլ կաշառատվության հնարավորություն չունենալը։
Նշենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։
Մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ խիստ քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները:


