«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայաստանցի աշակերտը ստեղծել է աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը

Հայաստանցի աշակերտը ստեղծել է աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը

17-ամյա հայաստանցի աշակերտը բացառիկ հետազոտություն է կատարել: Ի հեճուկս թերահավատների՝ Ալեքսանդր Ասրյանը ստեղծել է Հայաստանում դեռևս առաջին և աշխարհում ամենամեծ ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը կամ, այլ կերպ ասած, էլեկտրամագնիսական արագացուցիչը:

«Արմենպրես»-ը ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ասրյանի հետ խոսել է կատարած հետազոտության մասին:

 Նախքան իր հետազոտության բացառիկության մասին խոսելը, Ալեքսանդրը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է Գաուսի թնդանոթն ու թե ինչպիսի լայն կիրառություն կարող է ունենալ: «Գաուսի թնդանոթը էլեկտրամագնիսական արագացուցիչ է: Այն փամփուշտը արագացնելու համար օգտագործում է միայն էլեկտրամագնիսական դաշտ: Գաուսի թնդանոթը կարող է կիրառություն գտնել տարբեր ոլորտներում: Առաջին հերթին այն կհեշտացնի տիեզերք տիեզերանավեր ուղարկելը: Սկզբնական արագացման համար կօգտագործվի միայն էլեկտրականություն, դրա շնորհիվ կվերանա պայթելու վտանգը: Այն նաև չի աղտոտում մթնոլորտը»,-ասաց Ալեքսանդրը:

Գաուսի թնդանոթը կարելի է օգտագործել նաև անօդաչու թռչող սարքերն արագացնելու համար: Ալեքսանդրի խոսքով՝ Ամերիկայում այն օգտագործում են հենց այս նպատակով: Սովորաբար պայթուցիկի պայթելու արագությունը հնարավոր է արագացնել մինչև 2-2.5 կմ/վրկ-ով: Իսկ գաուսի թնդանոթը տալիս է անսահմանափակ արագացման հնարավորություն: Թեև Գաուսի թնդանոթը լայն կիրառություն ունի տարբեր ոլորտներում, սակայն դեռևս պրակտիկորեն չի օգտագործվում, քանի որ համակարգի ՕԳԳ-ն շատ ցածր է՝ մոտ 1 տոկոս: Եվ Ալեքսանդրի հետազոտության նպատակը եղել է հենց այդ ցուցանիշը հնարավորինս բարձրացնել: «Տվյալներ կան, որ այս համակարգի առավելագույն ՕԳԳ-ն հասնում է մինչև 7 տոկոս: Ես իմ առաջ նպատակ էի դրել հնարավորինս մեծացնել այդ ցուցանիշը: Տարբեր մեթոդների կիրառմամբ ես ստացա 6, 7 տոկոս ՕԳԳ»,-ասաց Ալեքսանդրն ու հավելեց՝ այս հետազոտությունն իրականացնելու համար իրեն մոտիվացրել է իր ուսուցիչը:

Ալեքսանդրը ոչ միայն առաջինն է, որ Հայաստանում Գաուսի թնդանոթ է ստեղծել, այլ, նաև առաջինն է աշխարհում, ով թնդանոթը ստեղծել է նման բարձր՝ 6,7 տոկոս ՕԳԳ-ով: Նման կարևորության, սակայն միևնույն ժամանակ չափազանց բարդ ու վտանգավոր գործ սկսելու համար պիտի որ մեծ շարժառիթ լիներ: Ալեքսանդրը պատմում է, որ էլեկտրամագնիսական դաշտով հետաքրքրված է եղել դեռ մանկուց, 4-րդ դասարանից երազել է էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ արագացնել ինչ-որ բան: Մեկ տարի առաջ որոշել է, որ գործնականում դա պետք է անի: «Տարված էի այդ մտքով, սակայն հետո մոռացել էի այդ մասին: Մեկ տարի առաջ ուսուցիչս խոսեց Գաուսի թնդանոթի մասին: Նա սկզբում չհավատաց ինձ, որ կարող եմ սարքել: Ասաց՝ եթե սարքես, տարեկան գնահատականդ 10 եմ նշանակելու: Ասում էր՝ գիտես, թե ովքեր են փորձել ու չի ստացվել: Ու ես սարքեցի»,-պատմեց Ալեքսանդրն ու հավելեց՝ ամբողջը պատրաստել է տանը, մեկ ամսում: Պատրաստման գործընթացն էլ բավականին վտանգավոր է: Ընտանիքի անդամներն ու ընկերները սկզբում չեն իմացել, թե ինչ ուղղությամբ է աշխատում Ալեքսանդրը: «Ընտանիքի անդամներն ասում էին՝ ինչով ես զբաղված, գնա խնդիրներդ լուծիր: Հետո արդեն տեսան արդյունքը»,-նշեց նա:

Այդ գործում իրեն մեծապես օգնել են ֆիզիկայից գիտելիքները, նաև իր ինտուիցիան: Ալեքսանդրը վստահեցնում է՝ Գաուսի թնդանոթը տեխնիկապես պարզ է, սակայն ֆիզիկայի տեսանկյունից շատ-շատ բարդ: Գաուսի թնդանոթը ստեղծելով՝ Ալեքսանդրը նպատակ է ունեցել արագացնել անօդաչու թռչող սարքերը: Անօդաչու թռչող սարքերը նա համարում է մեր ապագան: «Դրանց միջոցով կարելի է նաև ուտելիք առաքել, իհարկե, նաև կիրառել ռազմական նպատակներով»:

Ալեքսանդրը ներգրավված է նաև ԵՊՀ-ի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, նպատակ ունի էլեկտրամագնիսական դաշտի, արագացուցիչների վերաբերյալ իր հետազոտությունները շարունակել: