Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսօր Դուշանբեում քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ըստ ՀՀ ԱԳՆ-ի` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին:
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում` հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու:
Ջեյհուն Բայրամովը ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին և հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ։
Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: