Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի
ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Գանգատում, մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ:
Բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
Հատկանշական է, որ սա Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:
Читать на русском