Հայկ Մարությանն ու ավագանու 3 անդամ հրաժարվել են մանդատներից
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից 4-ը դիմումներ են ներկայացրել և դադարեցրել իրենց լիազորությունները։ Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու համար»,– նշեց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ դիմում է գրել խմբակցության կազմից դուրս գալու մասին։
Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները։
Նշենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց: Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո ավագանու առաջին նիստն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին: