Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. Նարեկ Պողոսյանը ողջ է
Այսօր Սոթքում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների ցանկում հայտնված Նարեկ Կարենի Պողոսյանը ողջ է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բժիշկները հայտնել են, որ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում սրտի զարկը վերականգնվել է։
«Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողներն են՝
Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,
Վաչագան Սարոյի Վարդանյանը:
Սոթքում զոհված 37-ամյա Արսենը Ռանչպարից էր, 36-ամյա Անդրանիկը՝ Նորաբացից, վարժական հավաքների մասնակիցներ էին:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: