ՀՀ ԱԳՆ հայտարարությունը արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ
«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:
Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:
Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրնեում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ»:
Այսօր տեղեկացրել ենք, որ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակվել են տեղի հայ բնակիչներ վրա: