ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության և կառավարության հայտարարությունը (1992թ.)
Լուսանկարում՝ ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ փոխնախագահ-վարչապետ Գագիկ Հարությունյանը:
ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահության և կառավարության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ ԵԱՀԽ-ի երկրների և ԼՂՀ-ի գործադրած ջանքերին հակառակ, Ադրբեջանի իշխանությունները վերջին ամսվա ընթացքում լայնամասշտաբ ագրեսիա են ծավալել Լեռնային Ղարաբաղի սուվերեն Հանրապետության դեմ, ձգտելով ուժային մեթոդներով լուծել ղարաբաղյան հիմնահարցը:
Շահումյանի շրջանի, Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի, իսկ հուլիսի 4-ին նաև Մարտակերտ քաղաքի գրավումը և բնակչության տեղահանումը վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները դեմ են խաղաղ, մասնավորապես ԵԱՀԽ-ի շրջանակներում բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու փորձերին և ամեն ինչ անում են՝ դրանք ձախողելու համար:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծման ամբողջ պատասխանատվությունը դնում են Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք հետևողականորեն խափանում են հիմնահարցի խաղաղ կարգավորման յուրաքանչյուր փորձ՝ ազգերի ինքնորոշման իրավունքների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում են, որ ամեն ինչ կանեն՝ զորավիգ կանգնելու Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդին և իշխանություններին՝ կասեցնելու և հետ մղելու Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի դեմ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաժամանակ դիմում են ԵԱՀԽ-ի անդամ պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ գնահատական տալու Ադրբեջանի գործողություններին և գործնական քայլերի դիմելու ԼՂՀ-ի նկատմամբ իրականացվող ագրեսիան սանձելու համար:
5 հուլիսի 1992 թ.
քաղ. Երևան


