«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը (տեսանյութ)

1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց.

«Սիրելի հայրենակիցներ,

Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր... Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բարին ընդ ձեզ»։

Լևոն Տեր-Պետրոսյան

3 փետրվարի, 1998թ.

Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես հրաժարականից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ դիմում է նախագահականի աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց չունենալ որևե բարոյական պարտավորվածություն և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների և մնացյալ պաշտոնյաների հրաժարականները:

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում խոսել էր Արցախի հարցի կարգավորման ուղիների մասին:

Այսօր արդեն հետհայաց նետելիս հստակ է. Առաջին նախագահի քաղաքական հաշվարկները ճիշտ էին, իսկ «ոչմիթիզականները»՝ սխալ:


Լևոն Տեր-Պետրոսյան. Ինչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից

Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից:

Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ:

Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյան

16 մայիսի, 2021թ.

Ավելին՝ այստեղ: