ՀՀ ՊՆ. Ադրբեջանցիների հետ բանակցությունները կշարունակվեն այսօր
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն այսօր` մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։
Երեկ տեղի ունեցած բանակցություններն որևէ արդյունք չեն տվել։
«Ադրբեջանցիների հետ բանակցություններում հայկական կողմն ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար առանց որևէ նախապայմանի հեռանալ Հայաստանի տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ զինված ուժերը, կարևորելով իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են։