ՀՔԾ-ն արձագանքել է Միհրան Պողոսյանի առաջարկին
Նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ 2016-ի օֆշորային սկանդալի գործով, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Օհանջանյանի խոսքով, Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։
«Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի որ, ըստ ՀՔԾ խոսնակի, այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները»,- երեկ հաղորդել է «Ազատությանը»:
Ավելի վաղ՝ մարտի 20-ին, News-line.am-ի հետ հեռախոսազրույցում Միհրան Պողոսյանն ասել է, որ իր աշխատանքային գործունեությանը վերաբերող ցանկացած դրվագ պատրաստ է քննարկելու.
«Իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու քննչական մարմիններին՝ բացահայտելու և իրազեկելու հանրությանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ամենակարևորը, թե արդյոք ում էր ձեռնտու իմ անվան հետ կապված այս ամբողջ հեքիաթը», - պնդել է Պողոսյանը: