«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Ես տեր եմ իմ ժամանակին

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Ո'չ մի ժառանգ, ո'չ մի սերունդ, որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց` ապահովագրված է, ավելի լավ` հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր: Եվ միշտ, ամեն լուսաբացի և Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը:
Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու, ո'չ չար, ո'չ բարի, հարևան:
Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը` քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է:
Հայրենիքը... Հայրենիքը դու ես քո ապրած ժամանակի մեջ: Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը, կա քո մահվան թառանչը, հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա:
Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո հաղթիպարտի երգը քո ժամանակի մեջ` չկաս և դու, չես եղել, չի եղել քո ժամանակը: Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել: Պատմությունը մկրատը գցել-նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել է ուրիշների, ուրիշ ժամանակներ: Աշխարհը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով:
Այսօրվա իմ կայուն ներկայությունը պարտադիր է, որպեսզի նույնիսկ եղածը եղելություն լինի: Դե, իմ բացակայությունը այսօրվա մեջ, զինվորիս բացակայությունը այսօրվա մեջ պարտելու, ամայելու և ոչ միայն իմ ապագան իմ երկրում, այլև անցյալս:
Զիվորի իմ բացակայությամբ այդ հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային: Նրանք տեսություն են հորինելու ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում են ու եկողների ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:
Զինվորի իմ վստահ ներկայությունը ոչ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, և որդիները իրենց նորոգ հայրերն են, և նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով և ճիշտ իմ պատկերին են գալիս:
Զինվորի իմ ու քո ներկայությունը այսօրվա մեջ շատ է հարկավոր, պարտադիր անհրաժեշտություն է, չարքաշ, լուռ զինվորի և ո'չ խփող, փախչող ավազակի:
Իմ ու քո մարմինը, գիտես, զանազան նյութերի շատ քմահաճ միություն է, չի սիրում աշխատել, դիմանալ, համբերել, կանգնել, չի սիրում մտքի ու մկանի ճիգով վաստակել իր հացն ու փառքը: Ուզում է ավարել ու փախչել: Մանրիկ այդ ավազակի ականջը մի րոպե բաց թողեցինք, արձակվելու, ձեռքը զենքի է մեկնելու, և գուցե թե գնա ու իր համար նույնիսկ անուն բերի` խիզախ, կտրիճ, քաջ, հերոս, ազատ:
Բայց ամենավայելը ավազակն է, որովհետև ասված է. «Զենքը ամեն մարդու բան չէ»:
Ասված է. «Նժույգ ձին ամեն մարդու բան չէ: Զենքը ամեն մարդու բան չէ»:
 Ասված է «Ուզում ես մարդ փորձել, ձեռը զենք տուր»:
Եվ դարձյալ ասված է. «Ձիու վրա էր` Աստծուն էր մոռացել, ձիուց իջեցրին` ձիուն մոռացավ»:
Ձիու վրա Աստծուն մոռացողներս քիչ չենք: Ուրեմն` այս հայրենիքի զինվորը չենք, զինվորացուն էլ չենք:
Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու, յուրաքանչյուրիս հոգու մանրիկ ավազակի հետ ոչ մի հույս չկապենք: Նա բեռ տանող չէ, նա օջախը վառ պահող չէ, տեղում կանգնող չէ:
Հայաստանի Հանրապետության մոնումենտի ծեփը նրան չի բռնի և չի բռնելու, երբեք:
Ծանր է թշնամու ատելության մեջ ապրելը, բայց անտանելի անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը:
Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանրը փախչելն է: Շփոթված դես ու դեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում և չես ազատվում, չես հեռանում թշնամու քամահրանքից, որովհետև դա նաև քո քամահրանքն է քեզ:
Քո նախնին իր և քո ճակատից սրբել է այդ կարմիր ամոթանքը: Թշնամու քամահրանքի բեռը նետել է իր և մեր հոգուց:

Այսօր էլ ես կհաստատեմ, որ իմ նախնու ժառանգն եմ. և' խիղճս մաքուր կլինի, և' ընթացքս թեթև:
Մեր վստահ ու լուռ գոյությունը համարիր պողպատի պինդ ներկայությունը տաճարների կառույցներում:
Այս տարածությունները ի մի է հավաքելու, պետությունը կոթողային կառույց է դարձնելու զինվորը, ես ու դու, մենք:
Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ վեհափառ է կոչվելու, և նախագահդ` նախագահ: Թե չէ գիտես` աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի և երկրի, և կաթողիկոսի, և հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ համար:

Ես` զինվորս, կանգնել եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ ու ասում եմ. «Ես` ես եմ, ես տեր եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տերն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որը ես հայրենիք եմ դարձնում, իմ հայրենիքը:
Իմ հաղթանակը այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողի սուրբ գերեզմանի և երեխայի զնգուն օրվա, սկիզբն է ամեն, ամեն ինչի:

Հրանտ Մաթևոսյան