«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Իրավապաշտպան. «Հայ զինվորների անհետացման հանգամանքներն առավելապես խոսում են գերեվարման մասին»

Իրավապաշտպան. «Հայ զինվորների անհետացման հանգամանքներն առավելապես խոսում են գերեվարման մասին»

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով առաջիկա օրերին անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր կուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Մենք թե անհետ կորած, և թե գերեվարված անձանց ընտանիքներից արդեն տեղեկություններ ստանում ենք, դեպքերն ուսումնասիրում ենք: Եվ բնականաբար անհապաղ միջոցի դիմում-խնդրագրեր ուղարկվելու են ՄԻԵԴ, այս առումով պրոցեսներ կան: Մենք նաև հաշվի ենք առնելու միջպետական գանգատի շրջանակում ընթացող գործընթացները, որպեսզի բացառենք կրկնողությունը»,-ասել Սահակյանը:

Նրա խոսքով՝առաջնային խնդիրն անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:  Եվրոպական դատարանն անհապաղ միջոց չի կիրառում ազատ արձակելու տեսքով: Սակայն Սահակյանը հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացների մասին. Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանում, դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, պնդում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը: «Հույս ունենք, որ մի քանի շաբաթների ընթացքում իրավական որոշում կունենանք այս հարցի վերաբերյալ»,-ասաց Սահակյանը:

Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի սադրանքներից հետո իրավապաշտպանների հետ կապի մեջ է անհետ կորած համարվող և գերեվարված անձանց շուրջ 10 ընտանիք: «Փաթեթները նախապատրասման փուլում են: Դրանք առաջիկա օրերին՝ վաղը կամ ամենաուշը մյուս օրը կներկայացնենք ՄԻԵԴ»,-ասել է Սահակյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ սլաքներն ուղղվում են հենց գերեվարված անձանց դեմ, նրանց մեղադրում են գերեվարվելու համար` Սահակյանն ընդգծեց, որ տվյալ մոտեցումը միանշանակ հանրային ընկալումներում առաջացնելու է բացասական վերաբերմունք։ Ըստ նրա` գերիների խնդիրը շատ զգայուն է հասարակության ներսում, կան տուժածներ ոչ միայն ի դեմս գերեվարվածների, այլև նրանց հարազատների, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ չի կարողացել պաշտպանել նրանց իրավունքները։

Իրավապաշտպանի դիտարկմամբ` գերեվարության վերջին դեպքերը պետք է հանգամանորեն քննվեն և պարզվի, թե արդյո՞ք եղել են կամովին հանձնվելու դեպքեր, թե՞ զինծառաողներն այդ վիճակում են հայտնվել հանգամանքների ուժով։ Սակայն դա պետք է արվեր փակ եղանակով և այդ մասին չպետք է հնչեին հրապարակային հայտարարություններ և նախընտրելի է, որ միայն քննությունից հետո ամենաբարձր քաղաքական մակարդակով տրվեն գնահատականներ։

Իրավապաշտպաններն այս պահին ինտենսիվ աշխատում են: Կան տեսանյութով հաստատված գերեվարման դեպքեր, անհետ կորածներ: «Անհետացման հանգամանքներն էլ առավելապես խոսում են գերեվարման օգտին»,- նշել է իրավապաշտպանը:

Այս հարցով զբաղվում են Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, քանի որ կա միջպետական գանգատ, ներգրավվածություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմն ունի առնվազն13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Հայտնի է երկու զոհված զինծառայողի ինքնությունը: