Իսկական մի մարգարե, որին ոչ ոք չի ուզում լսել
Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճախ ժպտալով ասում է, որ ինքը մարգարե չէ, բայց իրականում, գուցե իր կամքին հակառակ, նա իսկական մի մարգարե է, որին ոչ ոք չի ուզում լսել, քանի որ դառը ճշմարտությունները դժվար թե որեւէ մեկին դուր գան:
Այսպիսով, պատմաբանը, որը կանխազգացողությամբ նայում է ապագային, դիտավորյալ անտեսվում է, շատ հաճախ չարախոսվում զրպարտանքով եւ անհիմն խոսակցություններով: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է առնվազն երկու հազարամյակների ընթացքում. «Մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում» (Ղուկաս 4.24):
Հայաստանի նախագահը զգուշացնում էր փոխզիջումների հնարավոր թեթեւամիտ այլընտրանքներից՝ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», իսկ հաջորդ մարգարեական պարբերությունում հավելում. «Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է»։
Քննադատները չհասկացան, որ Հայաստանի նման երկրի համար միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքներ «օկուպացնելը» եւ պահելն արտառոց սխրանք էր։
Նմանօրինակ օկուպացիայի երկու դեպքի հետ համեմատելով՝ կարող ենք ասել, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիան եւ Պաղեստինի տարածքներում Իսրայելը ինքնուրույն են պահպանել օկուպացիոն ռեժիմները, միաժամանակ, սակայն, գտնվելով Ամերիկայի հովանավորության տակ, քանի որ երկու օկուպացիաներն էլ թույլատրված էին Միացյալ Նահանգների կողմից։ Բացի ռուսական պայմանական աջակցությունից, Հայաստանն այս առումով որբ էր։
Այն, որ Հայաստանը կարողացավ երկար ժամանակ պահել այդ տարածքը, խոսում է նաեւ Հայաստանի կառավարությունների եւ դիվանագիտության ունակության մասին, սակայն, ինչպես նախազգուշացնում էր Տեր-Պետրոսյանը, այդքան երկար կարող էր գործել միայն թուլացնող մարտավարությունը։ Եվ դա ավարտվեց, ինչպես մենք հիմա բոլորս գիտենք:
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը, առանց հստակ ասելու, ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլընտրանքային եւս մեկ բանաձեւ։ Հարցը, ըստ նրա, «Ղարաբաղը տալ-չտալու» մասին չէր, այլ՝ Ղարաբաղը հայկական պահելու։
Տեր-Պետրոսյանը կրկին ու կրկին պնդում էր, որ այն ժամանակ, երբ Հայաստանը գերիշխում էր, Ադրբեջանի հետ ուժի դիրքերից բանակցելու լավագույն պահն էր։
Տեր-Պետրոսյանին հայերը միշտ չէ, որ ջերմությամբ են հիշում շրջափակման եւ պատերազմի մութ տարիների պատճառով... սակայն հանուն արդարության, այս սյունակի հեղինակը, ով 1991 թվականի սեպտեմբերին անկախության առաջին օրերից ի վեր բազմիցս հանդիպել է Երրորդ Հանրապետության առաջին նախագահի հետ, հիշում է 1993 կամ 1994 թվականի ձմռանը գործընկերոջ պատմածը։ Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից վերադառնալով՝ նա պատմում էր, որ նախագահը իրենն ընդունել է իր չջեռուցվող աշխատասենյակում՝ վերարկուով։ Նա չէր խուսափել շրջափակման վատթարագույն հետեւանքներից։
Նրա ամենամեծ թերությունները կարող են լինել «ազնվության արատները»։ Տեր-Պետրոսյանը պոպուլիստի հակառակն է, եւ նրա գիտական հայացքը կարող է ոչ բոլորին գրավել: Նա միշտ ձեռնպահ է մնացել այն դեմագոգիայից եւ հռետորական մեծախոսությունից, որ քարոզվում է՝ «ուրիշների արյան» գնով։
Մեր ազգի ներկա անհանգիստ ժամանակներում անգամ կասկած չկա, որ պատմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին կներառի Հայաստանը գլխավորած լավագույն եւ ողբերգականորեն մարգարեական պետական գործիչների շարքում:
Ավետես Հաջյան,
արգենտինահայ լրագրող,
Courrier d'Erevan,
Հոդվածի ամբողջական թարգմանությունը՝ Ալիք Մեդիա կայքում