Ժաննա Ալեքսանյան. Սա հնարավոր չէ մոռանալ ( 2 տեսանյութ)

Լուսանկարում` ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է Ազատության հրապարակի շուրջօրյա խաղաղ ցույցերը բիրտ ուժի գործադրմամբ ցրելուց հետո` մեկուսացված ԱԱԾ աշխատակիցների կողմից: Մարտի 1, 2008թ., լուսաբաց:
Այսօր արված հերթական գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որտեղ ամենաշատ գործածվող բառը «փախաք»-ն է, ինձ հիշեցրեց մարտի 1-ի, այն սարսափելի գիշերը, երբ Քոչարյանի ոստիկանական հրոսակները հարձակվել էին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակիցների վրա և դաժան հաշվեարդար տեսել նրանց հետ։
Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռացել հրապարակից անգամ ուժով նրան հեռացնելու փորձերից հետո։ Հավանաբար առաջին նախագահի կյանքում եղած ամենածանր գիշերն էր: Ամեն ինչ տեղի էր ունեցել նրա աչքի առաջ։ Այսինքն, բռնության էր ենթարկվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա մնացել էր մարդկանց կողքին։
Ինձ համար ցնցող էր նաև այն, որ այդ ծանր գիշերն անցկացնելուց հետո նա ուժ էր գտել իր մեջ ասուլիս հրավիրել և պատմել այդ ամենի մասին։ Սա հնարավոր չէ մոռանալ։
«Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու»։ Լևոն Տեր- Պետրոսյանի խոսքերն են։