Բորել. Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում
Եվրամիությունը մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորինգի խմբի գործունեության ավարտից հետո։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով` Եվրամիության 40-հոգանոց անզեն առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, արդյունավետ է եղել և «նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը»։
«Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար», - Բորելի խոսքերը մեջբերել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Դիվանագետը նշել է, որ Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Ակնկալվում է, որ անցումային թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։