Կառավարություն ծրագրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ծրագրում ( https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=porc-05-23-02.doc) ներկայացրել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Ծրագրի նախագծում նշված է, որ տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարևոր է ձևավորել օրենսդրական և գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձևավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը:
Նշվում է, որ կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս։ Միաժամանակ, տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվող տնտեսական արդյունքը պետք է բաշխվի առավել հավասարաչափ։
Տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ։ Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը։ Զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ։
Կառավարությունը նպաստելու է այնպիսի միջավայրի կայացմանը, որտեղ աճ ստեղծելու և աճին մասնակցելու յուրաքանչյուր անհատի իրավունքը կլինի ոչ միայն պաշտպանված, այլև կխրախուսվի:
5.2. ՍՏԵՂԾԱՐԱՐ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ
Տնտեսական զարգացման էական ձեռքբերումներից մեկը պետք է դառնա Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժի ընդլայնումը և դրա իրացումը։ Նպատակային ծրագրերի իրականացման շնորհիվ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է հասանալի դառնան այնպիսի կրթական ծրագրերը, որոնք նպաստելու են նրանց գիտելիքները և գործարար կարողությունները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելուն։ Կստեղծվեն պայմաններ՝ մարդկանց գործարար կարողությունները սեփական ձեռնարկատիրական նախաձեռնություններում իրացնելու համար։
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հնարավորություն՝ ժամանակակից մասնագիտական հմտությունների ավելացման և դրանց իրացման ճանապարհով տնտեսական կյանքին մասնակցության համար։ Աշխատանքային ունակությունների կատարելագործումը և նորագույն տեխնոլոգիաների կիրառության կարողությունները պետք է դառնան քաղաքացու գիտակցված ձգտումը։ Կառավարությունն իր աջակցության ծրագրերով պետք է խրախուսի քաղաքացու այդպիսի վարքագիծը և, այդ եղանակով՝ տնտեսական կյանքում նրա մասնակցության արդյունավետության ավելացումը։
5.3. ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված արդիական և կանաչ տնտեսական համակարգի ձևավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը:
Տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի քաջալերմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում, տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի. բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը:
Մասնավոր հատվածի մրցունակության ավելացումը կայուն տնտեսական զարգացման հիմնական նախապայմանն է։ Մարդկանց զբաղվածության և աշխատանքային կարողությունների լիարժեք իրացման նպատակով Կառավարությունը նպաստելու է դրա համար պահանջվող միջավայրի զարգացմանը։ Այդպիսի քաղաքականությունն ուղղված է լինելու մասնավոր ձեռնարկությունների համար մեծ նշանակությամբ՝ ներքին և արտաքին գործոնների կառավարման այնպիսի մեխանիզմների ձևավորմանը, որոնք նպաստելու են կազմակերպությունների երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։
Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առևտրային գործընկերների ցուցանիշներին։ Այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրային նախաձեռնությունները։
Մրցունակության կարևոր նախադրյալ է տնտեսության ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման արագությունը։ Արտադրողականության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն այն դեպքում, եթե տնտեսության ճյուղերում գործող ձեռնարկությունները զինվեն ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկական միջոցներով, իսկ նրանց աշխատակիցները՝ ունենան այդ միջավայրում գործելու համար պահանջվող հմտություններ։ Կառավարությունը կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար։ Տնտեսական միջավայրի այդպիսի փոփոխության շնորհիվ՝ տաղանդավոր մարդիկ ապրելու և աշխատելու համար պետք է ընտրեն Հայաստանը։
Կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացումը, ֆինանսական ծառայությունների բազմազանությունը և հասանելիությունը տնտեսության մասնավոր հատվածի մրցունակության կարևոր պայմաններից են։ Ֆինանսական ծառայությունների ավելացման խթանումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համագործակցության առանցքային հարցերից մեկը։ Նշված ծառայությունների հասանելիության ավելացումը պետք է դառնա մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր գործոն։
Բանկային վարկավորումը շարունակում է մնալ Հայաստանում ֆինանսական միջնորդության ամենաազդեցիկ գործիքը։ Համապատասխանաբար, բանկային վարկավորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համագործակցության հաջորդ կարևոր հարցը։ Կառավարությունը կքննարկի մասնավոր հատվածում առկա բոլոր այն գործոնները, որոնք կարող են էապես կրճատել բանկային ռիսկերը և նպաստել մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը, վարկային տոկոսադրույքների նվազեցմանը:
Որակավորված կադրերի առկայությունը տնտեսության բոլոր ճյուղերում մրցունակության հիմնական գրավականներից է։ Որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման ծրագրերին պետական աջակցությունը պետք է դառնա մասնավոր հատվածում ձեռնարկությունների զարգացմանը նպաստող կարևոր գործոն:
Միջին մասնագիտական կրթության որակի բարձրացումը երիտասարդների զբաղվածության բարձրացման կարևոր պայման է։ Տնտեսության առանձին ճյուղերում աճի հիմնական խոչընդոտներից մեկը մասնագիտական կրթություն ունեցող կադրային բազայի պակասն է: Համապատասխանաբար, Կառավարությունը կձեռնարկի նպատակային ծրագրեր միջին մասնագիտական կրթության զարգացումը մասնավոր հատվածի ներկա պահանջներին առավելագույնս մոտեցնելու ուղղությամբ։
Կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը մասնավոր հատվածի կայուն զարգացման կարևոր գործոն է։ Նշված սկզբունքների կիրառմամբ պահանջվող՝ կառավարման մարմինների հաշվետվողականությունը և դրանց որոշումների թափանցիկությունը պետք է դառնան մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր հիմքեր։ Դրանք էապես կմեծացնեն նաև օտարերկրյա ներդրողների՝ հայաստանյան ծրագրերում մասնակցության ծավալները։ Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը և աջակցելու է այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացմանը։
5.4. ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ. ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԱՐՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցության պակասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զարգացման իրողություններով։ Արդար մրցակցության երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:
Տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը։ Ըստ այդմ, Կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:
Կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը։ Կառավարությունը հետևողական է լինելու ապրանքների և ծառայությունների շուկաներում նոր մասնակիցների մուտքը և առաջխաղացումը խրախուսելու հարցում։ Ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն։
Գործարար միջավայրի վրա պետական քաղաքականության ազդեցության գնահատումը կարևորվելու է ինչպես Հայաստանում քաղաքացիների ընկալումների, այնպես էլ միջազգային համեմատականների տեսանկյունից։ Այդ պատճառով, տնտեսական քաղաքականության որակի և գործարար միջավայրի վրա դրա ազդեցության գնահատականները դիտարկվելու են միջազգայնորեն ընդունված և ճանաչում ունեցող ընդհանրական ինդեքսների միջոցով։ Մասնավորապես, օգտագործվելու են Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ինդեքսը և Ներառական զարգացման ինդեքսը, Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի գնահատումը և այլն։ Միաժամանակ, թիրախավորվելու են այն գործոնների բարելավման հարցերը, որոնք կարևորվում են նշված ընդհանրական ինդեքսների գնահատման մեթոդաբանությամբ։
Էլեկտրականության, գազի և ջրի օգտագործման թույլտվությունների ստացման հարցերին բիզնեսն առնչվում է հատկապես ընդլայնման շրջանում։ Համապատասխանաբար, զարգացման ծրագրերի առաջխաղացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են կանխատեսելի և կառավարելի այն ռիսկերը, որոնք կապված են այդ ծառայություններից օգտվելու իրավունքների ստացման հետ։ Ենթակառուցվածքների հասանելիության սահմանափակումները չպետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, երբ տնտեսավարողների միջև կարող են ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ։ Կարգավորումների հստակեցումը և դրանցով պահանջվող՝ ժամանակային և ֆինանսական ծախսերի առավելագույն կրճատումը պետք է լինի այս ուղղությամբ Կառավարության գերակայություններից մեկը։
Մեկ այլ կարևոր հարց է շինարարական թույլտվությունների ստացումը։ Արտադրական կամ հասարակական նշանակության կառուցապատման առնչությամբ իրավունքների ստացումը Հայաստանում թեև ծախսատար չէ, սակայն ժամանակատար է և առնչվում է ընթակարգային զգալի անորոշությունների։ Պետական կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ ձևական մոտեցումները և արհեստական խոչընդոտների ստեղծումը երկար տարիների ընթացքում ձևավորել են այնպիսի իրավիճակ, որը սահմանված մեխանիզմները դարձրել է էապես անարդյունավետ։ Նշված ընթակարգերին առնչվող կազմակերպությունների և պետական կառույցների գործառույթների հստակեցումը լինելու է այս ուղղությամբ Կառավարության հիմնական թիրախներից մեկը։
Բիզնեսի զարգացման էական խոչընդոտ է, որ Հայաստանում անվճարունակության (սնանկացման) վարույթների ճնշող մեծամասնությունն ավարտվում է ձեռնարկությունների լուծարմամբ։ Ձախողված լինելու «վճիռը» մեծապես ճնշում է անհաջողություն կրած անձանց հետագա ձեռնարկատիրական նախաձեռնությունները, նրանց հանդեպ ստեղծում է անհանդուրժողականություն և կրճատում է գործարար ակտիվության ներուժը։ Կառավարությունը կարևորում է իրավիճակի շրջադարձային փոփոխությունը, խրախուսելու է այնպիսի օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնց արդյունքում անվճարունակության վարույթներում հայտնված կազմակերպություններն ավելի հաճախ պետք է հասնեն ֆինանսական առողջացման և պահպանեն գործելու հետագա իրավունքը։
5.5. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ
Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը:
Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման խթանման ուղղությամբ Կառավարության գերակա քաղաքականությունը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաստանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաստանյան արտահանողների հաստատմանն ու առաջխաղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջանակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարևոր անելիքը։
Արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատումը պետք է զուգորդվի մեր կազմակերպությունների կողմից այդ շուկաներ ներթափանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացմամբ։ Դա պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է։ Հաջորդ կարևոր ուղղությունը որակի համապատասխանության կարգավորումների արդյունավետության բարձրացումն է։ Ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկացման, ինչպես նաև դրանց համար պահանջվող լաբորատոր փորձաքննությունների հասանելիության և մատչելիության բարձրացումը, հիմնական արտահանման շուկաներում համապատասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները։
Կարևոր հարցերի թվում է լինելու արտահանման շուկաներում հնարավոր ռիսկերից հայաստանյան արտահանողներին ապահովագրումը։ Թեև պետական ծրագրերի շնորհիվ այդպիսի ծառայությունների որոշ տեսակներ ներկայումս առաջարկվում են մասնավոր հատվածին, սակայն դրանց ծավալը բավարար չէ՝ արտահանման մասնակից սուբյեկտների համար զգալի նշանակություն ունենալու համար։ Կառավարությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որ այդպիսի ծառայությունների մատուցումը դառնա ֆինանսական շուկայի լայն թվով մասնակիցների գործառույթ։
Արտահանվող ապրանքների և ծառայությունների առաջմղման համար կարևոր է արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելը։ Հաջողված ոլորտներում հայաստանյան արտահանվող ապրանքների և ծառայությունների ճանաչելիության արմատավորումն էապես կկրճատի այն ծախսերը, որոնք պահանջվում են նույն շուկաներում նոր հայկական ապրանքատեսակների մուտքի և առաջմղման համար։
5.6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԸ՝ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՃԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Ձեռնարկատիրական ակտիվներում մասնավոր ներդրումները կայուն զարգացման կարևոր նախապայման են։ Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: Նշված գործընթացն անհրաժեշտ ծավալով սպասարկելու հարցում էական նշանակություն կունենան ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները։ Համապատասխանաբար, պետք է զարգացվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն ներքին խնայողությունների ավելացումը և դրանց ներդրումների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացման հարցերին:
Տեղական կապիտալի շուկայի զարգացումն այդպիսի հնարավորություններից մեկն է։ Քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով իրենց խնայողությունների դիվերսիֆիկացման և այդ եղանակով՝ ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումների համար։ Այլընտրանքային ֆինանսական գործիքների ընդլայնումը խրախուսելու հարցում (օրինակ՝ ներդրումային ֆոնդերի զարգացման միջոցով), այլ անելիքների թվում, կարևորվելու է նաև ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից Առաջնային հրապարակային տեղաբաշխման եղանակով (IPO) ծրագրերի ֆինանսավորման խթանումը։
Բարձր տեմպերով տնտեսական աճ արձանագրելու նպատակով ներքին խնայողություններն առաջիկա տարիներին բավարար չեն լինի։ Անհրաժեշտ է լինելու ստեղծել գրավիչ պայմաններ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստան բերելու համար։ Նշվածն իրագործելու համար Կառավարությունը գործելու է մի քանի ուղղություններով։
Արդյունքում՝ Հայաստանում պետք է ձևավորվի կապիտալի և աշխատանքի հարկման այնպիսի միջավայր, որի պայմաններում ձեռնարկատիրական ակտիվների շահագործումը կապահովի առավել բարձր շահութաբերություն։
Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարևորվելու է պետություն - մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշվածը մի կողմից` կապիտալի շուկայի զարգացման և օտարերկյա ներդրումներ կլանելու զգալի հնարավորություն է, իսկ մյուս կողմից` բարելավված ենթակառուցվածքների շնորհիվ կարող է էապես բարձրացնել այլ ծրագրերում օտարերկյա ներդրումների ներգրավման արագությունը և նշված ծրագրերի մրցունակությունը։ Նշված խնդրի լուծման նպատակով Կառավարությունն արագացնելու է պետություն - մասնավոր գործընկերության իրավական կարգավորումների և դրանց կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։
Հատուկ ուշադրության է արժանանալու պոտենցիալ ներդրողների նախնական ուսումնասիրությունների հետ կապված ծախսերի կրճատման և արդյունավետության բարձրացման հարցը։ Հայաստանում ներդրումային որոշումների նախապատրաստման փուլում, օտարերկրյա ներդրողների ժամանակային և ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով, առաջարկվելու են «մեկ կանգառի» ծառայություններ։ Օտարերկրյա ներդրողներին տրամադրվելու է նաև հետներդրումային սպասարկման ծառայությունների որոշակի շրջանակ՝ տեղական միջավայրին հարմարվելու սահուն ընթացք ապահովելու նպատակով:
Օտարերկրյա ներդրումների արագացումը պահանջում է էապես բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը։ Տեխնոլոգիաների և մտավոր գործունեության այլ արդյունքների փոխանցումը օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևոր ձևերից մեկն է։ Համապատասխանաբար, Կառավարությունը կարևորելու է ոչ միայն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների բարելավման հարցերը, այլև՝ դրանց պաշտպանության մեխանիզմների զարգացումը։
Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի:
5.7. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ
Ծառայությունների արտահանման ծավալում զգալի մաս են կազմում զբոսաշրջային ծառայությունները: Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։ Զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով Կառավարության անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
5.8. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆԱԽԱԴՐՅԱԼ
Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Դրանք իրականացվելու են ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման, ՓՄՁ-ի կարողությունների զարգացման ճանապարհով:
Կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով։
ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն։ Կառավարությունը կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասանելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը:
5.9. ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերամշակող արդյունաբերության արժեշղթայի ընդլայնումը Հայաստանում առկա արտադրական կարողությունների ընդլայնման զգալի հնարավորություն է։ Ինչպես առկա, այնպես էլ դրանց հարակից ճյուղերում առկա է ուղղահայաց և հորիզոնական ընդլայնման, արտադրության ծավալների, արտահանման և զբաղվածության ավելացման մեծ ներուժ։ Վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում զարգացման խոչընդոտները հաճախ ունեն առանձնահատուկ բնույթ և չեն բնորոշվում ընդհանրական նկարագրով։ Առկա խնդիրները վերհանելու, դրանց համապատասխան լուծումներ գտնելու և Կառավարության աջակցությունը ճիշտ թիրախավորելու նպատակով իրականացվելու են ոլորտային ուսումնասիրություններ՝ այդ խնդիրները կրճատելու նպատակով։
Կառավարությունը քննարկելու է վերամշակող արդյունաբերության առկա ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու, դրանց կողմից նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների կլանման կարողությունները: Անհրաժեշտ դեպքերում վերանայվելու են վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում սահմանված այն կարգավորումները, որոնց պատճառով ձևավորվել են զարգացմանը խոչընդոտող անհաղթահարելի սահմանափակումներ։
Միջոցներ են ձեռնարկվելու ԵԱՏՄ-ի շուկաներում վերամշակող արդյունաբերության առանձին ոլորտների նկատմամբ սահմանված ոչ տարիֆային կարգավորումների այնպիսի զարգացումների ուղղությամբ, որոնք էապես կպարզեցնեն մեր ձեռնարկությունների գործունեության պայմանները և կընդլայնեն այդ շուկաներում առաջխաղացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվելու արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի օժանդակությանը։ Այդպիսի ներդրումային ծրագրերն աջակցվելու են արտաքին շուկաներում նշված կազմակերպությունների առաջխաղացման միջոցառումներին օժանդակության, օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային խթանիչ պայմաններ ստեղծելու ճանապարհով:
5.10. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:
Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։
Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի։
Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես խնայելու ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է արդյունավետ հակակարկտային համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։ Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը պարտավորվում է բարձրացնել սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:
Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավելագույնս բավարարելու ուղղությամբ։
Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ներուժն օգտագործելու գործում Կառավարությունը նախատեսում է մշակել դեպի նոր շուկաներ արտահանմանն աջակցող մեխանիզմներ:
Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին Կառավարությունը խնդիր է դրել նաև՝
- օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ.
- ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը.
- աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը.
- իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը.
- նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը.
- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը.
- ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը.
- ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը.
- սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։