Կարեվոր
Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ին տուժածների աջակցության կարգը
Կառավարությունը երեկ՝ օգոստոսի 8-ին հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, տրամադրման կարգը և այլ կարգավորումները:
Սահմանվեց, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով.
- աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում,
- ամրագրվեց, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,
- լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:
Որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով.
- ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
- առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,
- առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:
Նախագծով սահմանված են նաև դիմումի ձևը և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Շահագրգիռ քաղաքացիները Արդարադատության նախարարություն կարող են մոտենալ Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: