«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Կարպիս Փաշոյան. «Նժդեհական ծրագրավորողներն ու խոպանչի ազգայնականները»

Կարպիս Փաշոյան. «Նժդեհական ծրագրավորողներն ու խոպանչի ազգայնականները»

Ալիք Մեդիա. «... Եթե փորձենք դուրս գալ քաղաքական գաղափարախոսությունների սահմաններից, ապա շատ ավելի լայն իմաստով հայ երիտասարդությանը կամ դրա մի զգալի հատվածին կարելի է դասակարգել երկու հիմնական մշակութային սյունակներում՝ իռացիոնալ տեխնոկրատիզմ եւ խոպանչի ազգայնականություն։ Մեծ հաշվով երկուսն էլ ազգայնականության տարբեր դրսեւորումներ են, պարզապես տարբերությունն այն է, որ առաջին հոսանքի համար հայկական պետության գոյությունը անհրաժեշտություն է, իսկ երկրորդ հոսանքը սիրում եւ պաշտում է Հայաստանը, բայց երեւակայական եւ անգո Մեծ Հայքը, որը, Վանոյի ձեւակերպմամբ, խնամք չի պահանջում։

Խոպանչի ազգայնականությունն իրեն չի նույնացնում Հայաստանի Հանրապետության հետ եւ կարող է հեշտությամբ ինտեգրվել ցանկացած միջավայրի, այսինքն՝ թղթերով ինտերնացիոնալ է, իսկ բաժակաճառերում՝ մարտնչող դաշնակցական։

Բայց այսօր առաջարկում եմ խոսել հիմնականում առաջին հոսանքի՝ իռացիոնալ տեխնոկրատիզմի մասին, քանի որ իմ համոզմամբ հենց սա է հայ երիտասարդության ամենամեծ մոլորությունը։ Խոպանչի ազգայնականները, ճիշտ է, կործանարար հարված են հասցնում մեր գաղափարական միջավայրին, բայց նրանք՝ որպես 20-րդ դարի մնացուկներ կամ էլ որպես խորհրդային թույլատրելի ազգայնականության շառավիղ, կանխատեսելի են եւ տեղավորվում են հստակ սահմանագծում։ Բացի այդ՝ արդեն իսկ հոգնեցուցիչ է անընդհատ խոսել բանակից փախած, բայց դեպի Կուր գետ արշավող ռազմահայրենասեր փորձագետներից եւ ֆեյսբուքյան մարշալներից։

Միայն մի ճշգրտում. խոպանչի ազգայնականներին չպետք է շփոթել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների հետ։ Այս գաղափարական հոսանքին պատկանելու համար ամենեւին էլ պարտադիր չէ արտերկրում ապրել։

Իռացիոնալ տեխնոկրատիզմի ամենամեծ վտանգավորությունն այն է, որ այն դիրքավորվում է որպես պրոգրեսիվ շարժում։ Դրա հետեւորդներին ես անվանում եմ նժդեհական ծրագրավորողներ։ Բնականաբար ո՛չ բոլոր ծրագրավորողներն են նժդեհական, եւ ո՛չ բոլոր նժդեհականներն են ծրագրավորող, ավելին՝ սա պայմանական եզրույթ է, եւ ամենեւին էլ նպատակ չունեմ պիտակավորելու այդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին։

Եվ այսպես, եթե ֆրանսիական անհանգիստ երիտասարդությունը պատասխանն էր պետական պատժիչ ապարատի էքսպանսիայի, ապա նժդեհական ծրագրավորողները մի կողմից հետեւանքն են Հայաստանի տնտեսական շրջափակման, մյուս կողմից՝ քաղաքական մտքի եւ հումանիտար գիտությունների լճացման։

Այս հոսանքի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ մերժում է քաղաքականությունը եւ ընդհանրապես քաղաքական տարրական կանոններն ու օրինաչափությունները։ Հրաժարվում է իրեն շրջապատող միջավայրի աշխարհագրական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական առանձնահատկություններին առերեսվելուց։

Երիտասարդական այս միջավայրում տիրապետող են հետեւյալ մոլորությունները․ Հայաստանը չի հզորանում, քանի որ չի կառավարվում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, տնտեսությունը չի զարգանում, քանի որ մարդիկ ազնիվ չեն, ծույլ են, անկիրթ ու չեն սիրում աշխատել, իսկ միջազգային հարաբերություններում էլ դիրքերը թույլ են, քանի որ երկրի ղեկավարները հայրենասեր չեն եւ չեն կարողանում պաշտպանել երկրի շահերը։ Ահա սա է նրանց քաղաքական փիլիսոփայությունը, որում տեղ չունեն այնպիսի փոքրիկ եւ անկարեւոր հանգամանքներ, ինչպիսիք են տնտեսական շրջափակումը, ղարաբաղյան հակամարտությունը, ազատ շուկայի պարտադրած մարտահրավերները, սոցիալական հիմնախնդիրները եւ այսպես շարունակ։

Թերեւս հենց սա էր 2018-ի հեղափոխության տապալման ամենամեծ պատճառներից մեկը․ ինչպես շարժման առաջնորդը, այնպես էլ դրա հիմքում կանգնած երիտասարդության մի զգալի մասը չունեին գաղափարական համոզմունքներ եւ սկզբունքներ, նրանց թվում էր, թե երեւակայական չարի տապալումից հետո ձեռքի մի շարժումով հնարավոր կլինի հզորանալ, զարգանալ։

Պատերազմն, իհարկե, կործանարար հարված հասցրեց միֆերով ապրող հայ երիտասարդությանը, բայց ամենեւին էլ չսթափեցրեց։ Նրանք իրենց տեխնոկրատական մտայնությունների ճշմարտացիությանը կասկածելու փոխարեն եկան այն համոզման, թե մենք պարտվել ենք, քանի որ ժամանակին չենք հզորացել ու զարգացել, այլ ոչ թե այն պատճառով, որ հզորանալու մասին իռացիոնալ եւ քայքայիչ միֆեր ենք կառուցել՝ կտրվելով իրականությունից եւ շրջապատող աշխարհից։

...Նժդեհական ծրագրավորողներից շատերը չինովնիկներ դարձան եւ ձեռքի մի շարժումով նոր-նոր բարդ քաղաքական հարցերի մասին մտածել սովորող հայ ժողովրդին վերադարձրին իր հին ու բարի պարզունակ եւ կենցաղային հարցադրմանը՝ ապրե՞լ, թե՞ ինքնաոչնչանալ։ Բայց այս պարագայում խնդիրը իշխանությունը չէ, քանի որ քայքայիչ այս մտածողությունը կա եւ շարունակելու է լինել իշխանությունից եւ ընդդիմությունից անդին, այն վերկուսակցական է եւ համընդհանուր, անընդհատ վերարտադրվող եւ տարածվող։ Այն նեղսրտած պատանու պես հիմա էլ որոշել է ԱԹՍ-ների ինդուստրիա հիմնել՝ առանց հասկանալու, որ առանց օդաչուի թռիչքն ու առանց ուղեղի քայլելն ամենեւին էլ նույնական չեն»։
Կարպիս Փաշոյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: