ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ պահին գտնվում են համապատասխան իշխանությունների հետ երկխոսության մեջ՝ կապված Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ: Այս մասին չորքեշաբթի առավոտյան «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Նպատակն է այցելել անձին հնարավորինս արագ, որպեսզի, ինչպես միշտ արվում է տվյալ դեպքերում, ստուգել անձի պահման պայմանները, առողջական վիճակը և, հնարավորության դեպքում, ցանկության դեպքում կապը ապահովել ընտանիքի անդամների հետ», - նշեց Ամատունին:
«Ազատության» հարցին՝ հավանակա՞ն է, որ առաջիկայում նաև հանդիպում լինի անձամբ երիտասարդի հետ, Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչն արձագանքեց․
«Ամբողջ նպատակը դա է, այցելություն երբ որ ասում ենք, խոսքը գնում է ձերբակալված անձին տեսությունը, այսինքն՝ իրեն տեսնելու, անձամբ հանդիպելու և ունենալու առանձնազրույց իր հետ»:
Հարցին էլ՝ տվյալներ ունե՞ն, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում հայ զինվորը, Զառա Ամատունին պատասխանեց․
«Մենք որևէ տվյալներ, որոնք հիմա քննարկվում են, դրանք գտնվում են մեր և համապատասխան իշխանությունների երկխոսության շրջանակում, չեմ կարող կիսվել»:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները քարոզչություն որակեց՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում:
Արցախի ԱԳՆ-ից էլ հայտնել է, որ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»: