Լևոն Բարսեղյան. «Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից»
Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից
Վատիկանում ամենայն հայոց նախկին դեսպանը, նույն ինքը Սերժիկի փեսեն սկսել է հրապարակավ արտահայտվել, օգտվում է խոսքի եւ արտահայտման ազատության իրավունքից: Դա լավ է անշուշտ, որովհետեւ հեղափոխությունը այդ արժեքները պաշտպանելու համար էր նաեւ, ու ոչ մեկը արտահայտվելու համար քացու տակ չպիտի գցվի, ինչպես եղել է բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչների դեպքում նախկինում:
Ի՞նչ է ասում փեսեն, մի քանի կտոր նայենք.
«... հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:»
ՈՒզում եմ ասել՝ ի՜նչ ընդդիմադիր գործիչ է կորցրել Հայաստանը սկսած 90-ականներից, չէ՞: Տեսնես էն ում աներն էր իշխանության եկել ընտրակեղծիքների, մարդկանց իրավունքների զանգվածային խախտումների եւ ցուցարարներ ծեծելու, գնդակահարելու ու բանտարկելու գնով: Տեսնես ինքն ում մոտ էր դեսպան աշխատում տարիներ շարունակ, տեսնես ում լրատվամիջոցներն էին օրնիբուն գովում աներանց իշխանությունը ու բերանները ջուր առնում եւ աչքակապություն անում, երբ պիտի հասարակ լրատվություն ու վերլուծություն մատուցեին հանրությանը մարդկանց հանդեպ իշխանության սանձազերծած բռնությունների, վտարման, գաղթի, հանրային միջոցների թալանի, ծայրահեղ աղքատության, Աշոտյանի վարորդի ու բեւեռացման-սեւեռացման մասին: Կարող է՞ ոչ տեղյակ էր այդ ամենին, ոչ լեզու ուներ, ոչ գրել գիտեր, ոչ էլ տեղյակ էր, թե զանգվածային լրատվամիջոցներն ինչի համար են:
«... Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար:»
Ինչ ահավոր է չէ՞: Ով է խոսում իշխանություն պահելու հնարքների մասին, գիտելիքների ինչ անզուգական շտեմարան, տեսնես որտեղից է իմացել, որ կարելի է իշխանությունը ռեպրեսիաներով պահել, վրեժ է տեսել մարդը: Վրե՞ժ: Այս պարոնը կամ չի հասկանում, թե այդ բառն ինչ նշանակում, կամ որոշել է վերջին անգամ ծաղրել մեր բանականությունը: Ուզում եմ հրավիրել Սիցիլիա, երեւի չի եղել, այնտեղ թող հարցուփորձ անի, թե վրեժն ինչ է, ինչ մեթոդներ կան հազարամյա, փորձի հասկանալ, թե որքանով են այդ եղանակները համադրելի իր ընկալումների հետ:
Հետաքրքիր է, ինչ էր ասելու, ինչ բառ էր հորինելու, եթե Մարտի 1-ի զոհերի հարազատները անցած 1,5 տարում մեկ առ մեկ գնդակահարեին կամ հրապարակավ վառեին բոլոր նրանց, ովքեր ցուցարարներին ծեծելու եւ գնդակահարելու հրաման են տվել, ծեծել են եւ գնդակահարել, ովքեր բանակ են բերել քաղաքի վրա:
Ինչ կասեր, եթե նախկին քաղաքական բանտարկյալները գիշերով ձերբակալեին իրենց քաղբանտարկյալ սարքած քննիչներին, դատախազներին, դատավորներին ու դրանց դաս տվողներին, ապա տանեին իրենց տների նկուղներում պահեին չոր հացով ու ճիճվոտ ոսպով լակով:
Ինչ կասեր պարոն Մինասյանը, եթե Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Թեղուտի իրենց տներից ծեծված ու լարված մարդիկ գնային այդ հարկադիրներին եւ դրանց դատավորներին, դրանց թիկունքում կանգնած «շինարարներին» լարեին իրենց ամրոցներից ու պալատներից, կահույքը բուլդոզերով հողին հավասարեցներին, բոլորին մի բարաքի մեջ լցնեին, ասեին՝ դե յոլա կգնաք, ահա ձեր փոխհատուցման գրոշները, ձեր ապարանքների տեղում գոմ ենք սարքելու ութ հարկանի:
Հետաքրքիր է, ինչ անուն կտային, եթե իրենց երեխաներին դպրոցից զրկեին, դե չզրկեին, տանեին վերաբնակեցնեին հեռավոր գյուղերում՝ մկներով վխտացող, առանց զուգարանի ու ջրի դպրոցում, ասեին՝ դե սովորեք, ձեր ցա՜վը տանեմ, թող մեկ դասատուն 15 առարկա կարդա ձեզ, ֆիզկուլտի փոխարեն էլ կգնաք կարտոլ փորելու, իսկ ավելի փոքրերին ասեին՝ այդտեղ մանկապարտեզ չկա, դուք մեծանալու եք՝ չոբան դառնաք, մանկապարտեզն ինչ եք անում ...:
Դա երեւի համարժեք հատուցում կհամարեին: Վրեժխնդրություն ու հաշվեհարդար չէին համարի: Իսկ հիմա, երբ այդպես չեն վարվում հետները, իրենց խելքով վրեժ է: Ինչպիսի աղեկտուր ճռվողյուն, մարդը, որ մի կիսասոված օր չի տեսել կյանքում, կարծում է, թե հաշվեհարդար է տեղի ունենում Հայաստանում: Մարդ ուզում է կատակի խաթեր տանի հետը էքսկուրսիա Նուբարաշեն, մի գիշեր մնա, իմանա հաշվեհարդարը որն է:
«...Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա...»: Փաստորեն ստախոսությունը տարածվում է օդակաթիլային եղանակով: Մեղմ ասած անմեղսունակ պտի լիներ, չիմանալու համար, որ անցած մեկուկես տարում տեղական եւ պետական իշխանությունների ձեւավորման ընտրությունները զերծ են եղել ավանդական այլանդակություններից՝ ընտրակեղծիքներից, ընտրակաշառքից, գործազրկության եւ ծեծի սպառնալիքով քվեարկություններից, լցոնումներից եւ հարանման սերժաբարո եւ պոռնոգրաֆիկ բաներից: Դե սա ներկայանալի պատմություն չէ, երեւի իր համար ողբերգություն է: Կարող է՞ փեսեն տեղյակ չէ: Կարող է, այդ դեպքում գրածը գրոշ չարժե: Իսկ եթե տեղյակ է ու գրում է, ուրեմն իրականության աղճատված ընկալում ունի: Եթե այդպես է, ուրեմն մնացածը կարդալն իմաստ չուներ: Սակայն առաջին ու վերջին անգամ անենք այդ անդուր բանը, կարդանք: (Բայց էս մի կտորը զուլում է.«...մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա», տեսնես ում է կասկածում, օղորմածիկ Զիգմունդին գտեք հարցնենք :)
«...Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։..»:
Էս մասը, դժվար է հասկացվում, հարգելի քիմիկոսներ, էդ ինչպես կարող են ռեպրեսիաներ լինել շարունակ ու մեծամասնությունը (հավանաբար հանրության մեծամասնությանն ի նկատի ունի մտքի գիգանտը) դրանց վերաբերվելու է խոր անտարբերությամբ: Այդ ինչ խելքով է նման եզրակացության հանգում, դժվար է ասել: Արժե՞ շարունակել կարդալ այս փլավը: Կարող է՞ լուրջ մտածում է, թե տանը մարդ չկա, թե աներոջ ժամանակներում հաջողացրել, բոլորիս ոչնչացրել են:
«...Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։»:
Սա «Աստված ի՜մ, ինչ է լինելու ...» շարքից է, անշուշտ, ապոկալիպսիսը թակում է մեր դռները, իմացար: Մարդը տեղյակ չէ, որ ամենավտանգավորը այն էր, երբ աներոջ առաջից սուֆլյորը հեռացնում էին, ականջներից ծուխ էր ելնում, ինչ հիմարություն ասես դուրս էր տալիս. - Եկել եք մեր տոնը փչացնեք, որ ի՞նչ անեք, ..., տենց եք անում, որ խիարը թարս է բուսնում, ..., ինչքան ուզեք՝ էնքան խփեմ, ..., պոոոլնըսծյու ... Վտանգավոր էր, որովհետեւ մարդու խոսքից ամբողջ միտքն ու մտածողությունն է զռռում: Ամենավտանգավորը հանցագործությամբ պետություն զավթելն է, մի ամբողջ երկիր իշխանությամբ ու տնտեսությամբ զավթելն է, գետտոյի կուլտիվացիան է, բյուջեն սեփական բիզնեսներով լվալն է, որ մեկն ասեմ: Բա թե «նոր հնարավորություն կարող է այլեւս չլինել»: Էդ սերժիկների ժամանակ էր, որ նոր հնարավորություն կարող էր չլինել: Բարեբախտաբար, նույնիսկ բոլոր փեսեքի ու աներանց համար հեղափոխությունը նոր հնարավորություն է ստեղծել: Առնվազն մարդկանցից ներողություն խնդրելու, երկրին հասցված վնասները վերականգնելու հնարավորություն հաստատ ստեղծվել է: Հիմա նույնիսկ կարելի է ֆեյսբուքում քֆրտել իշխանությանը առանց վախի, թե իր հերոսները դալաններում կծեծեն ընդդիմախոսներին կամ տանը գտած հացի դանակի համար կկոխեն բանտերը: Ուզում եմ ասել.-Չվախենաս, չխեղճանաս, ու չնահանջես, ինչպես տարիներ շարունակ եմ ասել հալածյալներին, պայքարիր, փեսա ջան, պայքարիր եւ կհատուցվի: Բայց երկու պայման շատ կարեւոր է ցանկացած գործում հաջողելու համար. մեկը իրերի ու դրվածքի ճշգրիտ գնահատումն է, մյուսը՝ դրա հիման վրա զարգացումների սցենարները նամուսով կանխատեսելն է: Այ դրանց հիման վրա, թե կամք ունես՝ կհաջողես: Այս գրվածքի մասով ոչ մեկն է տեղում, ոչ էլ մյուսը, ցավոք, բայց կյանքն առջեւում է, չնահանջես: Մենք քեզ կպաշտպանենք արդարության կռվում: Ձեր արդարությունը սկսվում է մեղայականից:
Մի իրավունքի մասին էլ պատմեմ փեսին եւ փեսիստներին, գյալմաբեխաբարին եւ գյալմիստներին, սերժիկին ու սերժիստներին, բազազներին ու մալյարներին, Արփիկին ու Գալուստին, մանավանդ: Դուք իրավունք ունեք խոսել-գրել-քանդակել ինչ կկամենաք, դուք իրավունք ունեք իմանալու, որ այն ամենը ինչ կխոսեք, կարող է օգտագործվել ձեր դեմ անկախ ձեր կամքից, այն ամենը, ինչ կխոսեք, կարող է ջրի երես հանել ձեր բուն էություն, ու դուք կարող է չիմանաք, որ մենք իմացած ունենք այդ ամենը: Կարող եք եւ չխոսել, բայց դա էլ կարող է ձեր դեմ օգտագործվել: Ձեզ կարող է օգնել իսկական ապաշխարհանքն ու ափսոսանքը, անկեղծ զղջումն ու հրապարակային ներողությունը, գոնե ժամանակավոր հրաժարումը ինչ-ինչ զառանցական հավակնություններից, վերաբարձ ամբարտավանությունից, անհեթեթ գոռոզամտությունից, անցել են այն ժամանակները, երբ դուք էիք միակ ճշմարիտը, սրբության դարբնոցը, ակունքը իմաստնության, եւ ով ձեզ համաձայն չէր, թշնամի էր, պիտի վերացվեր կամ լռեցվեր: Այս պատասխանն է իմ վրեժխնդրությունն ու հաշվեհարդարը, եթե կուզեք, ոչ ավելի:
Թե բա. «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է»: Շատ վախեցանք, սարսափելի: Գաղտնիք բացեմ, դեռ լիքը հեղափոխություններ են լինելու. անպատժելիները պատժվելու են, թալանողները սովելու են, ապօրինի հարստացածները զրկվելու են, տարվածը բերվելու է, աղքատները ունենալու են, ճամփեքը սարքվելու են, կաշառակերները նստելու են, մարդասպանները ցմահ են նստելու, ու էլի լիքը հեղափոխություն է լինելու: Մենք վախեցած պրծած ենք, մեզ անհնար է վախեցնել, բայց ինքը տեղյակ չէ:
Հեղափոխությունները լավ օրից չէ, որ լինում են: Արդար կառավարումը հեղափոխություններ թույլ չտալու ամենաարդյունավետ եղանակն է, տասնամյակներով ղժժացել ենք, թե այդպես չի կարելի, սա երկիր պահել չէ, որ անում եք, զգուշացրել ենք, թե ինչ է լինելու դրա վերջը, բացատրել ենք, որ հետո ողբալու եք, թե՝ վրեժխնդի՜ր են լինում, ասելու եք՝ «հրաման էինք կատարում, մենք մեղավոր չենք...», բանի տեղ չեք դրել: Ձեզ պես բերաններս ջուր չենք առել, որ հետո, երբ լափամանը տանեն դեմերիցս, ողբ կապենք, թե բա սա հեղափոխություն չէր, սա իշխանափոխություն էր ու հաշվեհարդար, մթոմ ուշքումտքերս հասարակական քաղաքական եւ տնտեսական ցնցումներն են եղել: Պարապ էինք, ուզում էինք բանտերում փտել հա՞: Չէ, ընդամենը ուզել ենք արդար կառավարում, որ մեր փողերը, հողերը, հանքերն ու մնացած ունեցվածքը չուտեն իշխանությունները, կեղծիքներով աթոռներ ու պաշտոններ գրաված շնաձկները, չհասկացաք, շան տեղ չդրեցիք, ծեծեցիք, ու բանտարկեցիք, լարեցիք երկրից ու սատկացրիք, ու հմի զարմանում ե՞ք, որ հեղափոխություն է եղել, բա հավի ձագ էի՞նք, իսկապես հույս ունեիք, որ մեզ ցմահ կզած եք պահելու՞ ճերմակ օձիքներով, դեսպան-նախարար խաղալով, կադիլակ ուտելով ու սեւ խավիար քշելով, կամ հակառակը: Բացեք եւ կարդացեք մամուլի արխիվները, պատշաճ զգուշացված եք եղել: Էդ սերժիկներն ու ռոբիկներն էին, որ առանց զգուշացնելու էին անում, ինչ անում էին:
Ինչ կարելի է խորհուրդ տալ նախկին դեսպաններին, նախկին նախարարներին, նախկին նախագահներին ու նախկին վարչապետներին, իրենց վարորդներին, գրիչներին, ու գրաքննիչներին, որ ողբ են կապել Գաբրիել հրեշտակապետի ճամփին: Շատ քիչ բան: Մի կուսակցություն ստեղծեք, մտեք քաղաքական պայքարի մեջ, կարող է դուք ճիշտ եք, առաջ բեւեռացված էր, բայց դրախտ էր, հմի վրեժ է ու անարդարություն, մտեք քաղաքականության մեջ, կռիվ տվեք, շահեք հանրության համակրանքը, հալբաթ, կհաղթեք հերթական կամ արտահերթ ընտրություններում, կգաք փառահեղորեն երկիրը կկառավարեք: Դեկտեմբերին բոլորդ իրար հետ հազիվ 10 տոկոս ստացաք, էլի բան էր, կարող է արդեն 150 տոկոս ունեք, ու այդ դեպքում անարդար է կառավարումից զուրկ մնալը: Փորձեք, ինչ է պատահել, կուսակցություն եք փորձել գրանցել, չեն թողե՞լ, փողով առել ե՞ն իշխանությունները շատերիդ, սպառնացել են ոչնչացնել մերումանուկով, եթե քաղաքական պայքարի մեջ մտնեք, ախ գուցե զանգվածային լրատվամիջոցներ չունե՞ք, որ հանրային քարոզ անեք, կամ էլ գուցե փողն է քչություն անում, համակիրներիդ ձեռները քարի տակ է, փաստորեն, մի քանի ապարանք ծախեք՝ բոլոր կուսակցությունների բոլոր անդամների հավաքական ունեցվածքից շատ փող կունենաք, հերիք նվնվաք:
Մյուս խորհուրդն անհամեմատ հին է.«Չգիտեք ինչ անել, մի քիչ մտածեք, սուս մնացեք, որ լավ մտածեք»:
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի գիտությունների ակադեմիայի գլխավոր անասնաբույժ, ինժեներ-կոնստրուկտոր: