Լևոն Տեր-Պետրոսյան. Կոռուպցիան քաղաքական չարիք է (տեսանյութ)
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի` 2010 թվականի հոկտեմբերի 15-ի՝ այդ թեմային նվիրված ընդարձակ ելույթը, որը կարող է ուղենիշ հանդիսանալ կոռուպցիայի դեմ հայտարարված ընթացիկ պայքարում:
«... Շատերը կոռուպցիան հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երեւույթին, որն այս կամ այն չափով հատուկ է բոլոր, այդ թվում ամենազարգացած ու օրինապաշտ երկրներին։ Գրեթե ամեն օր եւ ամենուրեք հայտնվում են անպարկեշտ պաշտոնյաներ, որոնք ընչաքաղցությունից դրդված չարաշահում են իրենց իշխանությունը։ Յուրաքանչյուր պետության իրավա-բարոյական սկզբունքների հաստատությունից ու հասարակությունների հասունությունից է կախված, թե նրանք ինչպես են պայքարում այդ անհանդուրժելի երեւույթի դեմ։ Սակայն կաշառակերությունը, քանի այն կրում է մասնակի բնույթ եւ սահմանափակվում միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը։ Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն եւ համակարգավորված հասկացություն է։ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք հենց այս տիպի չարիքի հետ, որի էությունը ես բացահայտել եմ 2007 թվականից հետո ունեցած իմ բազմաթիվ ելույթներում։ Չխորշելով կրկնությունից, հարկ եմ համարում մեկ անգամ եւս ամփոփ կերպով ներկայացնել խնդրո առարկային վերաբերող նախկինում արտահայտած իմ տեսակետները, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն փոխվել, այլեւ ամրապնդվել են նորանոր փաստերով ու փաստարկներով։ Նախապես զգուշացնեմ, որ իմ նպատակը ոչ թե կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մատուցումն է, այլ երեւույթի ընդհանրացված գնահատումն ու նրա աներեւակայելի ընդգրկման վերհանումը։ Մի խոսքով, ելույթս ոչ այնքան փաստագրական կամ տնտեսագիտական, որքան քաղաքական բնույթ է կրում։
Հայաստանի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ, քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով։
Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։
Ավազակապետական հորջորջված այդ համակարգը կամ քրեական բուրգը, որը ձեւավորվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, գոյատեւում ու ծաղկում է իշխանության բացառիկ գերկենտրոնացման եւ պետական-քաղաքական հակակշիռների լիակատար վերացման շնորհիվ, ինչի հետեւանքով օրենսդիր ու դատական մարմինները, գրպանային կուսակցությունները, նոմենկլատուրային մտավորականությունը եւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցները դարձել են գործադիր իշխանության կցորդն ու հուսալի հենարանը, այլ կերպ ասած, հանցակիցը։ Հակակշիռների առկայության եւ ազատ մամուլի գոյության պայմաններում այսպիսի ընդգրկման կոռուպցիա հնարավոր չէր կարող լինել։
Սովորաբար կոռուպցիայի ամենացցուն արտահայտությունն է համարվում, այսպես կոչված, ստվերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից։ Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա։ Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից։ Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար։ Այս փաստը ձեզ վերացական կարող է թվալ։ Ուստի պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, թերեւս հարկ է այն ավելի շոշափելի դարձնել։ Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Այսինքն՝ միջին աշխատավարձը 283 դոլարի փոխարեն պիտի կազմեր 566 դոլար, 50 հազար դրամ ստացողը պիտի ստանար 100 հազար, 100 հազար ստացողը՝ 200 հազար, իսկ 200 հազար ստացողը՝ 400 հազար։ Ավելի կոնկրետ՝ ձեզանից յուրաքանչյուրից ամեն ամիս գողանում են մեկ աշխատավարձ կամ մեկ թոշակ։
Սա էլ դեռ ամենը չէ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ հինգ-վեց միլիարդանոց իրական բյուջեի գոյացման պարագայում, աշխատավարձերից ու թոշակներից բացի, կրկնակի ավելի պիտի լիներ նաեւ բյուջետային բոլոր ոլորտների, այդ թվում, աղետի գոտու վերականգնման, բանակի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ֆինանսավորումը։ Իսկ թե ինչպես է մսխվում անգամ պաշտոնապես հայտարարված բյուջեն, ապա դա էլ ուրիշ խոսակցության առարկա է։ Մի խոսքով, եթե ազգային հարստության կեսից ավելին չգողացվեր, ապա մենք արդեն իսկ պիտի ապրեինք, թեեւ ցանկալիից դեռեւս շատ հեռու, բայց որակապես այլ երկրում, որի բնակչությունը գոնե ստիպված չլիներ զանգվածաբար բռնելու գաղթի ճամփան։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ ծավալի թալան է տիրում մեր երկրում, ինչի՛ պատճառով է թշվառության մատնված բնակչության մեծամասնությունը եւ ինչո՛ւ է արտագաղթը հասել նման աղետալի չափերի։ Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը ողբերգություն է։ Ես, սակայն, ավելի լավատես եմ ու վստահ, որ մեր ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու չարիքը եւ թոթափելու ավազակապետության լուծը։
Կոռուպցիայով վարակված է Հայաստանի իշխանության ողջ վերնախավը՝ սկսած վարչախմբի պարագլուխներից, ավարտած նախարարներով, մարզպետներով, գեներալներով, դատավորներով, դատախազներով, քաղաքապետներով եւ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնությամբ։ Չկա մի բարձրագույն պետական պաշտոնյա, որը, թեկուզ զոքանչի անունով, սեփական բիզնես չունենա կամ իր պաշտոնավարության ընթացքում հսկայական հարստություն դիզած չլինի։ Չկա նաեւ ամսական թեկուզ 500 դոլարի եկամուտ բերող բիզնես, որից իշխանության որեւէ ներկայացուցիչ հասույթ չստանա։ Թեեւ կոռուպցիան մեծ կամ փոքր չափով առկա է բոլոր պետական հաստատություններում, սակայն ցավալի է նշել, որ այն լայնորեն թափանցել է նույնիսկ դպրոցական կրթության բնագավառ, ինչը կործանարար ազդեցություն կարող է գործել սերունդների դաստիարակության վրա։ Իսկ օտարալեզու դպրոցների բացման պարագան, անկասկած, շատ ավելի կխորացնի այդ բնագավառում կոռուպցիոն երեւույթների դրսեւորման միտումները։
Պետականորեն ուղղորդվող ու կարգավորվող համատարած կոռուպցիան իրականացվում է հստակ մշակված մեխանիզմների միջոցով։ Դրանք են.
- տնտեսության, մանավանդ, ներմուծման բնագավառի գրեթե լիակատար մենաշնորհացումը,
- շուկայականից անհամեմատ ցածր գներով պետական ունեցվածքի վաճառքը,
- կեղծ աճուրդների ու տենդերների անցկացումը,
- ազգային տարադրամի արհեստական արժեւորումը,
- պետական պահուստի մսխումը դրամի կայունությունը պահպանելու նպատակով,
- ներմուծվող մենաշնորհային ապրանքների նվազեցված ծավալների արձանագրումը,
- վիճակագրական սիստեմատիկ մանիպուլյացիաները,
- հարկային ու մաքսային չգրված արտոնությունների շնորհումը,
- ներմուծման բնագավառում քվոտաների բաշխումը,
- պետական ապարատի նպատակաուղղված ուռճացումը,
- խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտից դուրս թողնելու սահմանված կարգը եւ հարկային բեռի բարդումը մանր ու միջին ձեռնարկատերերի վրա,
- պետական գերատեսչություններում զանազան կասկածելի հիմնադրամների ստեղծումը եւ արտաբյուջետային հաշիվների բացումը,
- լայն սպառման ապրանքների գների չհիմնավորված թանկացումը,
- համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների եւ քրեական տարրերի հետ,
- օֆշորային գոտիներում իրականացվող մութ գործարքները,
- սեփականության եւ ձեռնարկատիրական գործունեության ձեւակերպումը ազգականների անունով,
- վերջապես, ապօրինի հարկային վարչարարությունը, եկամտաբեր պաշտոնների առքուվաճառքը, փողերի լվացումը, սովորական կաշառքը, եւ այլն։
Բնականաբար, այս ամենը որպես ծանրագույն բեռ նստում է հասարակ ժողովրդի ուսերին, որովհետեւ կոռուպցիան սնուցման այլ աղբյուր չունի։ Ինչ որ գողացվում է, վերջին հաշվով գողացվում է ժողովրդի գրպանից։ Դրա հետեւանքով սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում ու ճարահատյալ բռնում գաղթի ճամփան։
Ավազակաբարո վարչախմբի գոյության իմաստն ու հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին ապօրինաբար տիրող մարդկանց սահմանափակ շրջանակի բարօրության կամ ցոփության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման ու կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով կամ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին ուղղված հոխորտանքներով։ Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ ասվածը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական նպատակների իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են հոխորտում թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ որքան շատ են խոսում պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։ Հայրենասիրությունը կամ թուրքատյացությունն, այսպիսով, մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի։ Ռեժիմի հասկացողությամբ՝ եթե հայրենասեր ու թուրքատյաց, այսինքն գող ու ավազակ չես, ուրեմն դավաճան կամ առնվազն հինգերորդ շարասյուն ես, ինչպես վերջերս հայտարարել է Սերժ Սարգսյանը (28.05.2010), առանց, սակայն, հասկանալու այդ արտահայտության իմաստը։ Իսկ թե ինչ արժե գողի ու ավազակի հայրենասիրությունը, հայտնի է բոլորին։ Բազմիցս է ասվել՝ եթե մեր հայրենասեր, այսինքն թուրքատյաց իշխանավորները գոնե իրենց հափշտակած հարստության մի չնչին մասը ներդնեին Արցախում, ապա այն չէր դատարկվի եւ նրա ճակատագիրն այսքան անորոշ չէր լինի։
Ըստ մոսկովյան մամուլի հայտնի հրապարակումների, որոնք լայն արձագանք են գտել նաեւ միջազգային ասպարեզում, Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը եւ Սուրեն Խաչատրյանը։ Թե որքան հավաստի են նշված հրապարակումներում հիշյալ անձանց կարողություններին վերաբերող տվյալները, կարող է ապացուցել միայն դատարանը։ Բայց քանի որ վերջիններս զրպարտության հայցով դատարան չեն դիմում, մենք հիմք չունենք չհավատալու այդ տվյալներին։ Եթե մտածենք, թե նրանք դատարան դիմելու հակում կամ սովորություն չունեն, այդպես չէ։ Շատ ավելի չնչին մի առիթով Քոչարյանը դատական քաշքշուկ սկսեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ, իսկ Տիգրան Սարգսյանը երեք անգամ դատ բացեց Հրանտ Բագրատյանի դեմ։ Տղամարդ եք, դե դատի տվեք նաեւ մոսկովյան թերթերին։ Թե՞ ձեր ուժը միայն տանն է պատում։
Մոսկովյան մամուլի հիշատակված հրապարակումներում Հայաստանի ամենամեծ կոռուպցիոներների շարքում թվարկված են նաեւ հայտնի գործարարների կամ օլիգարխների անունները։ Բայց սա բոլորովին այլ կատեգորիա է։ Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրեք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ։
Կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ, ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։ Ավազակախմբի առջեւ կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն։ Խուսափում եմ օգտագործել «ժողովրդին ծառայելու» տափակ արտահայտությունը, որովհետեւ երբեք չեմ հավատացել իրենց «ժողովրդի ծառա» հորջորջող մարդկանց, բացի «խալխի նոքար» Սայաթ-Նովայից։
Գրեթե օր չի անցնում, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոմիությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները չնշեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ Արտաքին աղբյուրներից ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում Հայաստանի օրենսդրության բարելավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մշակման նպատակով։ Բայց դրանք ոչ միայն որեւէ արդյունք չեն տալիս, այլեւ որքան օրենքները բարելավվում եւ հակակոռուպցիոն մեխանիզմները կատարելագործվում են, կոռուպցիան այնքան ավելի տարածվում ու խորանում է։ Նույնն է, ի դեպ, ընտրությունների պարագայում։ 1998-ից ի վեր Ընտրական օրենսգիրքը մի քանի անգամ փոփոխվել ու բարելավվել է, բայց յուրաքանչյուր բարելավումից հետո ավելի այլանդակ ընտրություններ են տեղի ունեցել։ Հիմա էլ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու բարելավումների մի նոր փաթեթ է քննարկվում։ Պատրաստվեք, ուրեմն, ավելի խայտառակ մի ընտրության։ Մեր օտար բարեկամները համառորեն չեն ուզում ընկալել, որ խնդիրը ոչ թե օրենքների անկատարությունն է, այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունը։ Անգամ մեր անկատար համարվող օրենքները միանգամայն բավարար են թե՛ արդար ընտրություններ անցկացնելու, թե՛ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։ Որքան էլ դրանք կատարելագործեք, միեւնույն է, Հայաստանի ազնվաբարո իշխանությունները երբեք արդար ընտրություններ չեն անցկացնելու եւ չեն դադարելու թալանել երկիրը։ Ժամանակն է, որ Արեւմուտքը գիտակցի այս պարզ իրողությունը եւ մեր երկրի հանդեպ վարած իր քաղաքականությունը կառուցի դրա հիման վրա։ Նրա կողմից մինչ այժմ դրսեւորված հանդուրժողականությունն այս հարցում եւ տարօրինակ գուրգուրանքը Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ, որ բացատրվում է քաղաքական նկատառումներով, վերածվում է հանցագործության հայ ժողովրդի հանդեպ, ինչն արդարացում չունի։
Հայաստանի իշխանություններից կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված որեւէ ռեալ քայլ սպասելն անիմաստ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերափոխել երկրի ողջ տնտեսական եւ քաղաքական համակարգը, ինչն ամենեւին նրանց ձեռնտու չէ։ Այս միտքը հրաշալի կերպով ձեւակերպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի վաղամեռիկ տնօրեն Ամալյա Կոստանյանը. «Արմատացած ու համատարած կոռուպցիան,– գրում է նա,– հնարավոր չէ հաղթահարել՝ չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների եւ մարդու այլ հիմնարար ազատությունները եւ չխրախուսելով ազատ մամուլը»։
Հետեւաբար, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենեւին մտադիր չեն պայքարել իրենց սնուցման ու ճոխացման աղբյուրը հանդիսացող չարիքի դեմ, իսկ միջազգային հանրությունն էլ առայժմ անտարբեր է այս հարցում, մնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն իր ձեռքը վերցնի հասարակությունը։ Այդ գործում կարեւոր դեր է վերապահված հասարակական կազմակերպություններին եւ անկախ մամուլին, որոնք արդեն իսկ հսկայական աշխատանք են կատարել կաշառակերության, դրամաշորթության, տնտեսական զեղծարարությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման հազարավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, ապա նա, ձեւավորման օրվանից, իր հիմնական խնդիրներից մեկն է համարել իշխանությունների հանցավոր տնտեսական գործունեության եւ երկրի կազմակերպված թալանի անխնա մերկացումը։ Տարակույս չունենաք, որ մենք ամեն ինչ անելու ենք այդ գործը մինչեւ վերջ հասցնելու համար։ Մասնավորապես, Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը առաջիկայում հանդես կգա մի ընդարձակ զեկույցով՝ նվիրված Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի էության համապարփակ մասնագիտական քննությանը եւ նրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների ու մեխանիզմների մշակմանը։ Մամուլի բացահայտումներն ու ընդդիմության մերկացումները հզորագույն զենք են կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում։ Հայաստանի իշխանությունները, որքան էլ ինքնավստահ ձեւանան, սարսափում են դրանից, այլապես այդքան ջանք չէին գործադրի տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար։
Այսօրվանից եւեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ։
Կոռուպցիան, օրենքի բացակայությունը եւ հակազգային արտաքին քաղաքականությունը չարիքների այն եռամիասնությունն է, որը Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին։ Եթե առաջիկայում վիճակը չփոխվի, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեր երկիրը դատապարտված է անխուսափելի կործանման, որի պատասխանատվությունը կրելու են ոչ միայն հանցագործ իշխանությունները, այլեւ կեղծ-ընդդիմադիրները, անտարբերները, իրենց քվեները 5000-ական դրամով վաճառողները եւ ժողովրդի պայքարի ոգին կոտրող ամեն տեսակի նվնվացողներն ու փնթփնթացողները։ Ես ամենեւին չեմ թանձրացնում գույները. իրականությունը, դժբախտաբար, շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը։ Ուստի վերահաս աղետը կանխելու միակ հույսը ազգի նվիրյալներն են, որոնց առաջին շարասյունը կազմում եք դուք՝ այս հանրահավաքի մասնակիցներդ, ում վճռականությանն ու մինչեւ վերջ գնալու պատրաստակամությանը չեմ կասկածում։ Չհավատաք փարիսեցիներին, քաղքենիներին ու պատեհապաշտներին. այս երկրում, բացի ձեզանից եւ որոշ հասարակական կազմակերպություններից ու լրագրողներից, բռնատիրության դեմ ուրիշ պայքարող չկա։
Ձեր համառությունը մի գեղեցիկ օր ոտքի է հանելու նաեւ անտարբերներին ու հոգնածներին, ինչը դառնալու է ռեժիմի վերջը»: