Լևոն Զարգարյան. Մեր օրերի «հումանիստները»
«Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝ Թրամփը, հումանիստ է։ Ես կցանկանայի ասել, որ դուք նույնպես հումանիստ եք, սըր․․․ և դրա համար շնորհակալ եմ Ձեզ»։ Այս խոսքերն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է Վլադիմիր Պուտինին հոկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ընթացքում։ Առիթը ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակումն էր, ում ՌԴ ուժայինները ձերբակալել էին դեռ 2022թ․ ապրիլին։ Առաջին հայացքից սա սովորական դիվանագիտական քաղաքավարություն է, բայց մեծ քաղաքականության մեջ բառերը պատահական չեն ընտրվում։
Սա կոչվում է ռեալպոլիտիկ։ Տերմինը 1853թ․ ներմուծել է Լյուդվիգ ֆոն Ռոխաուն․ «քաղաքականությունը շարժվում է ոչ թե իդեալներով, այլ ուժով և շահերով»։ Դրանից 5 տարի առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Պալմերսթոնը ձևակերպել էր դրա գլխավոր կանոնը․ «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ և չունենք մշտական թշնամիներ։ Հավերժական և մշտական են մեր շահերը, և մեր պարտքն է հետևել այդ շահերին»։ Ռեալպոլիտիկում բարոյականությունը չի անհետանում․ այն դառնում է փաթեթավորում։ Ջորջ Օրուելը գրել է, որ քաղաքական լեզուն ստեղծվել է, որ «սուտը ճշմարտանման հնչի, իսկ սպանությունը՝ հարգարժան»։ Սանկտ Պետերբուրգում «հումանիստ» բառը հնչեց հենց այդպիսի փաթեթավորմամբ։
Այդ ժամանակից ի վեր փոխվել են փաթեթավորումները, մինչդեռ կանոնները մնացել են նույնը։ Ահա թե ինչպիսին են այսօրվա «հումանիստները»․
1. Ռուսաստան․
Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմն ընթանում է գրեթե 5 տարի։ Ամերիկյան CSIS կենտրոնի գնահատմամբ՝ Ռուսաստանն ունի մոտ 450․000 զոհ և 1 մլն վիրավոր, իսկ Ուկրաինան՝ մոտ 125-150 հազար զոհ և կես մլն վիրավոր։ ՄԱԿ-ը հաստատել է առնվազն 16․431 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 803 երեխայի մահը։ Գրեթե 6 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական, ևս 3․7 միլիոնը տեղահանվել է երկրի ներսում։
2․ ԱՄՆ.
2026թ․ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին վերսկսեցին պատերազմն Իրանի դեմ՝ նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից 8 ամիս անց։ Հենց առաջին օրը սպանվեցին գերագույն առաջնորդ Խամենեին, Գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ-ի հրամանատարը և պաշտպանության նախարարը։ Թրամփը կոչ արեց իրանցիներին․ «Երբ մենք ավարտենք, վերցրեք իշխանությունը։ Այն ձերն է» (թեև հետագայում հայտարարեց, որ իրեն «երբեք չի հետաքրքրել վարչակարգի փոփոխությունը»)։ Նույն օրը «Տոմահավկ» հրթիռը հարվածեց Մինաբի տարրական դպրոցին․ զոհվեց 168 մարդ, որոնցից 120-ը՝ երեխաներ։ ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարեց, որ հարվածը հասցրել է ԱՄՆ-ը, և հիմքեր գտավ այն ռազմական հանցագործություն համարելու համար։ Միայն Իրանում այս պատերազմի հետևանքով զոհվել է 3-4 հազար մարդ, որոնցից առնվազն 1.700-ը՝ խաղաղ բնակիչ։
3․ Դաշնակիցները՝ որպես «расходный материал».
Այս պատերազմի համար ստիպված եղան վճարել նաև Վաշինգտոնի դաշնակիցները․ Իրանը հարվածներ հասցրեց Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, Ծոցի երկրներում տասնյակ մարդիկ զոհվեցին։ Սեպտեմբերին հերթը հասավ Սաուդյան Արաբիային, որը Թրամփը 2025թ․ նոյեմբերին հռչակել էր «ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից»․ թագավորության դեմ հարձակման անցան Իրանի դաշնակիցները՝ Եմենի հութիները։ Ըստ Axios-ի՝ սեպտեմբերի 10-ին թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ հութիներին հարվածելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել․ հարվածների փոխարեն Ռիադին առաջարկել են տրամադրել հետախուզական տվյալներ։ 2 օր անց Թրամփը հայտարարեց․ «Հութիները զանգահարել են մեզ, նրանք չեն ցանկանում պատերազմել մեր դեմ»։ Հոկտեմբերին հութիները 5 օրվա ընթացքում 4 անգամ հարվածեցին Ռիադի օդակայանին․ զոհվեց առնվազն 20 մարդ, հարյուրները վիրավորվեցին։ Թրամփը պատասխանեց․ «Ես այնտեղ կլինեմ ընտրություններից հետո, և ես երբեք չեմ մոռանա դա»։ Ռիադի համար չպատերազմեցին նաև Թուրքիան և Պակիստանը, թեև օգոստոսին Մեքքայում նրա հետ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր էին ստորագրել․ «Սա պաշտպանական համաձայնագիր է, ոչ թե հարձակողական», - բացատրեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
4․ Պալմերսթոնի օրենքը․
Պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցը փակվեց, և ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը մոտեցավ ռեկորդային բարձր մակարդակին։ Հոկտեմբերին Վաշինգտոնը լուծումը գտավ Մոսկվայում․ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև 2027թ․ ապրիլ հանեց ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Թրամփը կասեցրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք Կոնգրեսն ընդունել էր մեկ ամիս առաջ։ Նույն օրերին, Kyiv Independent-ի և CNN-ի տվյալներով, ամերիկացիները սպառնացել են Կիևին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումն ու զենքի մատակարարումները, եթե Ուկրաինան շարունակի հարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Հակառակորդը դարձավ մատակարար, դաշնակիցը՝ խոչընդոտ։
5․ Եվրոպա․
2022թ․ հուլիսին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գազի հարցով ժամանեց Բաքու և Ադրբեջանն անվանեց «առանցքային և հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»։ Երկու ամիս անց Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, իսկ մեկ տարի անց՝ Արցախի։ 2026թ․ մայիսին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բաքվում գրեթե բառացիորեն երկրորդեց ֆոն դեր Լայենին․ «Ադրբեջանը ԵՄ արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկեր է»։ Եվրոպայի "արժեքահեն" քաղաքականության մեկ այլ դրսևորվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը․ Իսրայելի՝ Իրանի դեմ հասցրած հարվածների մասին նա անկեղծորեն արտահայտվեց․ «Սա կեղտոտ աշխատանք է, որը Իսրայելը կատարում է բոլորիս փոխարեն»։ Իսկ Եվրոպան մինչև օրս շարունակում է ռուսական գազ գնել, սեպտեմբերին՝ 1․4 միլիարդ եվրոյի։
6․ Հայաստան և փաստաթղթեր․
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Սյունիքով անցնող հաղորդակցությունները պետք է վերահսկեին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահները։ 2025թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախաստորագրվեց խաղաղության պայմանագրի տեքստը, իսկ երթուղին դարձավ «Թրամփի երթուղի»՝ 49 տարի ժամկետով կառուցապատման և կառավարման իրավունքը փոխանցելով ԱՄՆ-ին (ևս 50 տարի երկարաձգման հնարավորությամբ)։ Նույն ժամանակ Թրամփը երկարաձգեց 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումներից հրաժարվելու ժամկետը՝ թույլ տալով շարունակել Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը, իսկ Փաշինյանն ու Ալիևը նրան առաջադրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերակացուն փոխվեց, անխոչընդոտ ճանապարհը մնաց, իսկ պայմանագիրը մինչև օրս ստորագրված չէ։ Ավելին, Բաքուն բազմիցս և անհետևանք խախտել է նախաստորագրված պայմանագրի դրույթները։ Օրեր առաջ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը հայտնեց, որ Բաքուն այն չի ստորագրի, «քանի դեռ Սահմանադրությունը մնում է այնպիսին, ինչպիսին կա»։ Դեռևս 2023թ․ դեկտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել էր, որ խաղաղության ոչ մի պայմանագիր երբեք խոչընդոտ չի եղել պատերազմը սկսելու համար։
Ավելին, որևէ անվտանգային համակարգ և այն հանձն առնող գործընկեր, երաշխավորված չէ։ Բազմաթիվ ՔՊ պատգամավորներ և մերձիշխանական «քաղաքագետներ» տարիներ շարունակ կրկնում են, որ 2022թ․ սեպտեմբերին ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն օգնության չեկան Հայաստանին։ Այդ քննադատությունն ունի իր փաստական հիմքերը։ Բայց ինչո՞ւ նրանք նույն ջանասիրությամբ չեն նկատում Վաշինգտոնի մերժումը սեփական դաշնակցին։ Չէ՞ որ Ռիադը խոստացել էր 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսության մեջ և գրեթե 142 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել։ Ի տարբերություն, TRIPP-ի շրջանակում Հայաստանին բաժին ընկնող ներդրումները մոտ 200 միլիոն դոլար են։ Եթե Վաշինգտոնը չպատերազմեց միլիարդավոր դոլարների շահերով իր հետ կապված երկարամյա դաշնակցի համար, ինչո՞վ է պայմանավորված իշխանական քարոզիչների վստահությունը, որ ԱՄՆ-ը կպատերազմի Հայաստանի համար։
Սա ուշագրավ է հատկապես վերջին ամիսներին Բաքվի հռետորաբանության սաստկացման ֆոնին։ Հոկտեմբերի 15-ին Բաքվում կայացած գագաթնաժողովի ընթացքում Ալիևը խաղաղությունն անվանեց «փխրուն» և նույն ելույթում հայտարարեց․ «Մենք չենք իջել բարբարոսների և երեխաներ սպանողների մակարդակին, որոնք այդքան տառապանք են պատճառել մեր ժողովրդին»։ Արցախի ղեկավարների դատավարությունը նա համեմատեց Նյուրնբերգյան դատավարության հետ․ «Այս անգամ մեղադրյալի աթոռին նստած են հայ ֆաշիստները»։ Հիքմեթ Հաջիևին անհանգստացրել են «հայ երիտասարդության շրջանում ռևանշիստական տրամադրությունները», իսկ ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է․ «Կարծում եմ՝ բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու»։
Փոխարենը Երևանում Բաքուն անվճար փաստաբանական գրասենյակ ունի։ Այն չի նկատում Բաքվից եկող սպառնալիքները, փոխարենը փորձում է փաթեթավորել Ադրբեջանի պահանջները։ Սահմանադրությունը փոխելու պահանջը Փաշինյանը բացատրում է նրանով, որ դա «մեզ է պետք, ոչ թե ուրիշներին»։ Իսկ ադրբեջանցի զինվորը, որը հոկտեմբերի 1-ին Շաքիում երեք երեխաների աչքի առաջ վիրավորել էր նրանց մորը և երեխաներից երկուսին, ներկայացվում է «սովորական քրեական հանցագործության» հեղինակ։ Այդուհանդերձ, «փաստաբանական թիմը» ստացավ իր «վարձատրությունը»․ հոկտեմբերի 15-ի նույն ելույթում Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018-2020թթ․ «շարունակել է նախորդների հանցավոր քաղաքականությունը»։
1878թ․ վերադառնալով Բեռլինի կոնգրեսից՝ Խրիմյան Հայրիկը հայ քաղաքական մտածողությանը թողեց թղթե և երկաթե շերեփների հայտնի փոխաբերությունը։ «Այնտեղ, որտեղ խոսում է զենքը, խնդրանքի տեղ չկա»։ Այդ ժամանակից ի վեր շերեփները փոխվել են՝ Սևրի պայմանագիր, նոյեմբերի 9-ի հայտարարություն, Վաշինգտոնում նախաստորագրված տեքստ, բայց շերեփը մնաց թղթե։ Չեխոսլովակիան 1938թ․ հույսը դրել էր Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրերի վրա, Ուկրաինան՝ 1994թ․ Բուդապեշտի հուշագրի, Ռիադը՝ Վաշինգտոնի և Մեքքայի պակտի։
Եվ հենց այս օրինակները վառ ապացույց են, որ փոքր պետության ռազմավարությունը չի կարող կառուցվել մեծ տերությունների բարոյական ինքնաբնորոշումների, առաջնորդների անձնական համակրանքների կամ դիվանագիտական գեղեցիկ ձևակերպումների վրա։ Աշխարհում, որտեղ նույնիսկ ամենահզոր դաշնակիցները սեփական շահերը վերագնահատելու իրավունք են վերապահում իրենց, Հայաստանի խնդիրը որևէ մեկին անվերապահորեն վստահելը չէ։ Խնդիրն այնպիսի պետություն կառուցելն է, որի անվտանգությունը կախված չլինի միայն այդ վստահությունից։
Սրանից չի հետևում, թե Ռուսաստանը «վատն» է, Արևմուտքը՝ «լավը», կամ հակառակը։ Կամ թե ով է նրանցից ավելի հուսալի։ Երկու կողմերն էլ խոսում են հումանիզմի լեզվով և գործում ռեալպոլիտիկի օրենքներով։ Հետևաբար ընտրության նման ձևակերպումն ինքնին սխալ է։ Պետությունը կարող է ապավինել միայն սեփական երկաթե շերեփին՝ բանակին, տնտեսությանը, ինստիտուտներին և այն դաշինքներին, որոնցում իր շահը համընկնում է այլոց շահերի հետ։
Որովհետև ռեալպոլիտիկի աշխարհում ամենավտանգավորը ոչ թե այն է, որ մեծ տերությունները սեփական շահերն ունեն։ Ամենավտանգավորն այն է, երբ փոքր պետությունները մեծ տերությունների շահերը շփոթում են իրենց անվտանգության երաշխիքների հետ։
Հ.Գ. Մինաբի դպրոցին հարվածի վերաբերյալ Թրամփը սկզբում մեղադրեց Իրանին, ապա ասաց․ «Սխալներ պատահում են»։ Լուսանկարում այդ «սխալի» հետևանքներն են։


