Լևոն Զուրաբյան. «Արցախին վնաս հասցրած եռյակն աղավաղում է ղարաբաղյան բանակցությունների ընթացքը»
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ ո՛ք այդքան շատ վնաս չի տվել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը, որքան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը (խոսքը՝ ՀՀ նախագահի կարգավիճակով պաշտոնավարման ժամանակաշրջանների մասին է)։
Դրա մասին ես գրել էի դեռ 2001 թվականին «Զոհաբերված դիվանագիտություն. Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին» հոդվածում, իսկ այսօր հրապարակում եմ մի նոր հոդված, որը կարող եք համարել առաջին հոդվածի սիքվելը՝ «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդպես հեշտ մատաղ անեք, կամ Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2»։
Բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են հասկանալ ղարաբաղյան կարգավորման թաքնված դիվանագիտական իրողությունները՝ 1992-ից մինչեւ այսօր»։
Այսպիսի ստատուս էի գրել 44֊օրվա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ։ Իհարկե, պատերազմը Արցախի անկախության միջազգային ճանաչման գերեզմանափորների շարքում ավելացրեց Նիկոլ Փաշինյանի անունը, եւ դրա մասին ես դեռ մանրամասն հոդվածով հանդես կգամ (հատկապես հաշվի առնելով այն նոր տեղեկությունները, որ երկու հրապարակումով պաշտոնապես բացահայտեց Ռւսաստանի Դաշության արտգործնախարարությունը)։
Այսօր, սակայն, Արցախին վնաս հասցրած ուժերի այս եռյակը, որը ներկայացված է Ազգային Ժողովում՝ ուղիղ հասցրած վնասի չափին, փոխադարձ համամասնորեն, փոխադարձ մեղադրանքներով մի վեճ է սկսել, փորձելով խճճել իրավիճակը եւ մեղքը բարդել հակառակորդի վրա։
Այս վիճակում, որում երեք կողմն էլ աղավաղում են ղարաբաղյան բանակցությունների ընթացքը, առաջարկում եմ կարդալ կից վերլուծությունը, որը հիմնված է բացառապես փաստերի եւ կարգավորման հրապարակված պլանների ճշգրիտ մեջբերումների վրա։ Սա էապես կօգնի հետաքրքրվողներին տարանջատել թացը չորից եւ հասկանալ, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ջանում մանիպուլացնել հասարակական կարծիքը։
Ի դեպ, հոդվածը տպվել էր պատերազմից մեկ ամիս առաջ, բայց նրանում արդեն կանխատեսված էին ապագա զարգացումները։ Մեջբերում եմ.
«Փոխվել է աշխարհը, փոխվել են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ նրանց ազդեցությունը տարածաշրջանում, գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հզորացել է Ռուսաստանը՝ ո՛չ միայն մեր մերձավոր տարածաշրջանում, այլեւ լայնորեն ընկալվող Միջին Արեւելքում, իսկ ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի ազդեցությունը թուլացել։ Էապես հզորացել է Թուրքիան` ձեռք բերելով վտանգավոր կայսերապաշտական նկրտումներ եւ ներկայություն, որոնք տարածվում են Լիբիայից մինչեւ Ադրբեջան։ Ռազմական բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որում հաշվարկվում են թե՛ սպառազինությունները, թե՛ տնտեսական ներուժը եւ թե՛ ժողովրդագրական ռեսուրսը, փոխվել է Ադրբեջանի օգտին։ Վերջինս դառնում է ավելի ու ավելի ագրեսիվ եւ այսօր չի ընդունի որեւէ կարգավորման պլան, որում ամրագրված չէ տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ 1997 թվականին համաձայնել էր դրան։ Ադրբեջանի տարածքային սկզբունքի կապանքը հաղթահարող խաղաղ կարգավորման պատմական շանսը կորսված է։ Իսկ այսօր բանակցությունները, ըստ էության, տապալված են. Հայաստանի իշխանությունները բավականին աղոտ պատկերացում ունեն ղարաբաղյան խնդրի մասին ու ստեղծված վիճակում ադեկվատ գործողությունների ռազմավարություն չունեն, եւ լայնածավալ ռազմական հակամարտության վերսկսումն օրեցօր ավելի հավանական է դառնում»։ Ամբողջական՝ այստեղ: