Լևոն Զուրաբյան. Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին
«...2021 թվականից սկսած մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:
Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածները իր հանցավոր որոշումների վերաբերյալ կամ` հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները:
Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):
Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:
Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:
Կա երկու հնարավոր բացատրություն.
1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,
2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը:
Այսօր այսքանը: Մամուլի բազմաթիվ միջոցներ հիմա դիմում են ինձ հրապարակված փաստաթղթերի մեկնաբանությունների համար: Հաշվի առնելով մամուլի միջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ` դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին հրավիրում եմ ասուլիս «Անի Գրանդ Հոտել» հյուրանոցում (65 Հանրապետության փողոց) «Պանորամիկ» սրահում:


