Լևոն Զուրաբյան. «Հրայր Թովմասյանը յուրացրել է իշխանությունը» (տեսանյութեր)
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել ապօրինությամբ՝ օրենքի խախտմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուրաբյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա մասնավորապես նշեց, որ Հրայր Թովմասյանն առանց օրինական կարգով իր պատգամավորական մանդատը վայր դնելու, ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Նրա կարծիքով՝ շտապողականությունը, այդ թվում՝ Գագիկ Հարությունյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եղել են կոորդինացված:
«Եթե այդ բոլոր անօրինականությունները չարվեին, նա իր պաշտոնում կնշանակվեր ընդամենը 6 տարով: Տեղի է ունեցել ապօրինություն, Սահմանադրության կոպիտ խախտում, ինչի արդյունքում Հրայր Թովմասյանը յուրացրել է իշխանությունը, 11 տարով երկարացրել է իր պաշտոնավարման ժամկետը»,-ասաց Զուրաբյանն ու հավելեց՝դա հանցագործություն է, որը պետք է քննվի, պատասխանատուները պատժվեն:
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ այդ գործընթացում ներգրավված են եղել մի շարք բարձրաստիճան անձինք ու կառույցներ: Նա դիտավորություն չտեսավ նրանում, որ թեև Թովմասյանը ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտին, սակայն նրան հիմա են ցանկանում իր լիազորություններից զրկել:
«Նույն կերպ կարող ենք ասել, որ Մարտի 1-ի հանցագործությունը տեղի է ունեցել 2008-ին, իսկ իշխանությունները դրան հիմա են ընթացք տալիս: Կա ընտրված իշխանություն, ստեղծվել է մի մթնոլորտ, որում իրավապահ մարմինները կարող են իրենց գործառույթները կատարել, նախկինում չէին կարողանում կատարել»,-նշեց նա:
Զուրաբյանը շեշտեց՝ իրենց կարծիքով՝ ՍԴ-ն ձևավորված է իշխանության յուրացման արդյունքում, հետևաբար՝ Հայաստանում պետք է իրականացնել լեգիտիմ իշխանության ստեղծման վերջին ակտը: Նա դա պատկերացնում է հետևյալ կերպ՝ իշխանության համապատասխան մարմինները՝ կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը պետք է նշանակեն ՍԴ դատավորներին: Զուրաբյանի կարծիքով՝ հիմա կառույցում կա 2 դատավոր, 7-ին դեռ պետք է նշանակեն:
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: