Լևոն Զուրաբյանի հարցազրույցը (տեսանյութ)
Այս հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսում եմ «Վաշինգտոն Փոսթ» թերթում սեպտեմբերի 22-ին հրապարակված Դեյվիդ Ինգնեյշսի հոդվածի մասին, որում նա անդրադառնում է Հայաստանի իշխանությունների պրո֊արեւմտյան դիրքորոշման անպատեհ եւ Հայաստանի համար վնասակար լինելու մասին, ֆեյսբուքի իր էջում գրում է Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ահա ինչ է ասում Իգնեյշսը բառացիորեն,
«“Armenia’s pivot West was probably badly timed. It alienated the Russians without bringing reliable Western help. The Armenians, especially in Karabakh, were isolated and vulnerable — waiting for foreign deliverance that never came. In that respect, it was a cruel recapitulation of modern Armenian history.”
Թարգմամում եմ. «Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք հավանաբար անպատեհ ժամանակի է արված։ Այն օտարեց ռուսներին առանց ապահովելու գործուն արեւմտյան աջակցությունը։ Հայերը, հատկապես Ղարաբաղում, մեկուսացված էին եւ խոցելի, սպասելով դրսի օգնությանը, որը երբեք չեկավ։ Այդ առումով, սա արդի հայկական պատմության դաժան կրկնությունն էր»։
«Վաշինգտոն Փոստը» սերտորեն կապված է Սպիտակ տան հետ եւ այսպես կոչված «նեոկոն» շրջանակների հետ, որոնք ամբողջ աշխարհում ամերիկյան ակտիվ միջամտության նվիրյալ կողմնակիցներն են։ Դեյվիդ Իգնեյշսը ամերիկյան ամենահեղինակավոր խմբագիրներից եւ սյունակագիրներից մեկն է, որն արդեն մի քանի տասնյակ տարի է ինչ հոդվածներ է հրապարակում ոչ միայն «Վաշինգտոն Փոստում», այլ նաեւ «Նյու Յորք Թայմզում», «Աթլանտիկում» եւ «Ֆորին Աֆերզում»։ Երբ առաջին նախագահի մամլո֊քարտուղարն էի, հանդիպել եմ նրա հետ հենց «Վաշինգթոն Փոստի» խմբագրատանը եւ հանգամանալից զրուցել նրա հետ։ Ի դեպ, նա հորական կողմից հայկական ծագում ունի։ Եթե նման փորձառություն եւ հեղինակություն ունեցող մարդը վերոհիշյալ դառը եզրակացության է գալիս, համեմատելով եղած աղետը 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրադարձությունների հետ, սա, ըստ էության, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած ծայրահեղ հակառուսական֊պրո֊արեւմտյան շրջադարձը անգամ ամերիկացիք գնահատում են որպես արկածախնդրական եւ Հայաստանի համար աղետաբեր քաղաքականություն»։
Մանրամասները՝ Ա1+ տեսանյութում։