Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:
«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: