«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Լիլիթ Բլեյան. Նիկոլը ցեղասպանություն բառը գրեթե հանեց իր տեքստից (տեսանյութ)

Լիլիթ Բլեյան. Նիկոլը ցեղասպանություն բառը գրեթե հանեց իր տեքստից (տեսանյութ)

Ցեղասպանության փոխարեն «Մեծ եղեռն» եզրույթն այս իշխանությունները կիրառել էին դեռ երեք տարի առաջ` կառավարության պաշտոնական էջին։ Արցախն արդեն շրջափակված էր։

Այդ օրը ես մտածում էի` ա՜հ, սփյուռքում հիմա կտեսնեն կառավարության էս գրառումն ու հրաբխի պես կպայթեն։ Զարմանալիորեն, ոչինչ չպայթեց։ Նույն օրերին Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրվեց։

Այսօր Նիկոլը ցեղասպանություն բառը գրեթե հանեց իր տեքստից։ Վաղը այդ առիթով նա խորոված կանի ու տոնական թմբուկ կխփի։

Ընդհանրապես, նրա այսօրվա տեքստը հավանաբար մի օր պիտի դրվի սև շրջանակի մեջ ու փակցվի Ցեղասպանության թանգարանի տխուր պատերից մեկին։ Եթե իհարկե թանգարանը մնա։

Այսօրվա տեքստից որևէ եզրակացություն կանի՞ հայկական աշխարհը։ Կանի՞ այն եզրակացությունը, որը չարեց երեք տարի առաջ այս օրերին, երբ Արցախը դեռ շրջափակված էր։

Եզրակացություն կանի՞ հայ մտավորականությունը` Հայաստանում ու Սփյուռքում։ Թե՞ ոմանք էլի կգտնեն մի բացատրություն, մի արդարացում։ Արցախի կորստի համար, ի դեպ, մինչև այսօր որևէ համոզիչ բացատրություն չեք գտել։ Վատ եք աշխատում, ընկե'ր քարոզիչներ։

Եթե 2020-ի սեպտեմբերինը պատերազմ էր, ապա հետագայում Արցախի հանդեպ կատարվածն ու մինչև հիմա կատարվողը (շրջափակում, ռմբակոծություն, տեղահանություն, հայկական հետքի ոչնչացում) ցեղասպանական գործողություններ էին և են։

Մենք` որպես պետություն, որպես հասարակություն, այդպես էլ չխիզախեցինք պատասխանել դրանց։ Դրանց պատասխանը պիտի լիներ առնվազն այսօրվա իշխանությունների հեռացումը։

Այսօր Արցախում ոչնչացվող եկեղեցիները և Հայաստանի ներսում եկեղեցու դեմ տարվող արշավն այդ նույն ցեղասպանական գործողությունների շարքից են:

Ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կատարվողն էլ նույն Ցեղասպանության շարունակությունն է։

Ո՞վ է մեզ դրդում էս անփառունակ ինքնասպանությանը։ 
Ե՞րբ մեր աչքերից կցրվի էս զարմանալի կախարդանքը։

Տեսնես, երբ ցրվի, մեր բարակած երկրից մնացած կլինի՞ որևէ կտոր։

Լիլիթ Բլեյան

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի