Լը Պենը նոր հայտարարություն չի արել Արցախի՝ Հայաստանին վերամիավորման մասին
Հայաստանյան մամուլում օրերս ակտիվորեն շրջանառվում է Ֆրանսիայի՝ 2017թ. նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկալի լուծումը կլինի հնարավորություն տալը Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ, գրում է fip.am-ը:
Լը Պենի վերոնշյալ հայտարարությունն արվել է ուղիղ երկու տարի առաջ, երբ վերջինս ակտիվորեն պայքարում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար և կարիք ուներ ստանալու ֆրանսահայերի աջակցությունը։ Պատահական չէ, որ սույն հայտարարությունը Լը Պենն արել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցի ժամանակ՝ թիրախավորելով ընտազանգվածին։
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը երկու տարի անց հրապարակել է Մարին Լը Պենի հին հայտարարությունը՝ ներկայացնելով այն որպես նոր, սենսացիոն իրադարձություն։ Լը Պենի՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու մասին «սենսացիան» տարածել է նաև Hayeli.am-ը։ Վերջինս նույնպես հայտարարությունը որպես նորություն է ներկայացնում։
Հատկանշական է, որ վերջին ամիսներին հին իրադարձությունները որպես նոր ներկայացնելը դարձել է յուրատեսակ մշակույթ-հիվանդություն հայաստանյան լրատվադաշտում, եզրափակում է fip.am-ը: