Մեղադրյալ Քոչարյանի հարցով ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:
Հիշեցնենք,Ռ.Քոչարյանի՝ Մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: