«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը խոչընդոտել են միջազգային լրագրողի աշխատանքը

ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը խոչընդոտել են միջազգային լրագրողի աշխատանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրող և հայտնել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից սպառնացել են սպանել իրեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ահազանգի հիման վրա պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում. կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում կատարված միջադեպին, իսկ ինքը լրագրողը գտնվել է ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։

Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։

Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը։

Միջադեպի առնչությամբ լրագրողը դիմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որն արդեն հրապարակում է արել այս փաստի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի անմիջական հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին, իսկ մայիսի 12-ից նաև ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները կոպտորեն խախտել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգել են նրանց կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել մարդկանց բնականոն կյանքը:

Ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքներից մարդկանց պաշտպանելու համար Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Այս կոնկրետ միջադեպի հետ կապված՝ միջազգային լրագրողի անձնական պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, բայց դրանք Պաշտպանին ահազանգ ներկայացրած միջազգային լրագրողի հետ համատեղ քննարկմամբ կներկայացվեն միջազգային համապատասխան մարմիններին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ «Լրագրողներ առանց սահմանների»  (RSF) կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։
«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,-նշված է կազմակերպության գրառման մեջ։