Մուշեղ Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում
2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությանը նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե արդյոք Սաղաթելյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին։
Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում, և, ինչպես դատարանում ասաց Սեդա Սաֆարյանը, ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին․
«Սակայն, կարծում եմ, որ դրա համար բժշկի կարծիք է պետք, որպեսզի հաստատի այս հանգամանքը: Հետևապես դատարանը պետք է նշանակի դատաբժշկական փորձաքննություն»:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը, միանալով միջնորդությանը, ասաց, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքերն առկա են։ Փորձաքննություն նշանակելու համար փորձագետին առաջադրեց հետևյալ հարցերը․
«Առկա՞ է արդյոք որևէ հիվանդություն, առկայության դեպքում ի՞նչ հիվանդություններ են դրանք, առկա հիվանդությունների պայմաններում ամբաստանյալը կարո՞ղ է մասնակցել արդյոք դատական քննության, թե ոչ, եթե կարող է մասնակցել, ի՞նչ տևողությամբ»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր։
Ավելին՝ «Ազատության» տեսանյութում