Նաղդալյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է` մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը։
«Նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով` ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:
Հիշեցնենք` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։