«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Նարե Հովհաննիսյան. «Հիմնական խնդիրը համայնքում համերաշխության ու միասնականության վերականգնելն է»

Նարե Հովհաննիսյան. «Հիմնական խնդիրը համայնքում համերաշխության ու միասնականության վերականգնելն է»

Նարե Հովհաննիսյանը  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին կին թեկնածուն է: Առաջին մասնագիտությամբ բանասեր է, երկրորդ մասնագիտությամբ իրավաբան: Հիմնական գործունեությունը ծավալում է հասարակական ոլորտում, իսկ 2017 թվականից հիմնադրել և ղեկավարում է Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, որը հիմնականում կենտրոնացած է ազատազրկված անձանց խնդիրների վրա: Անկուսակցական է:

Նարե Հովհաննիսյանի հարցազրույցը  WomenNet.am-ի հետ  

- Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ՏԻՄ ընտրություններին հենց ՀԱԿ-ի ցուցակով:

– Ընտրություններին մասնակցելու առաջարկն ընդունեցի, քանի որ խոսքն իմ համայնքի ապագայի մասին է: Պատերազմին հաջորդած իրադարձություններից հետո ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև Գորիսը բավականին ծանր իրավիճակում է հայտնվել: Ընդունեցի առաջադրվելու ՀԱԿ-ի առաջարկը, որովհետև տեսա, որ իմ մտահոգությունները նույնությամբ արտահայտված են ՀԱԿ ծրագրում,  ինչպես նաև համոզված եմ, որ իմ մասնակցությունը արդյունավետ կարող է լինել այդ խնդիրների կարգավորման հարցում: Ես միացել եմ այն թիմին, որի թե՛ ցուցակում ընդգրկված անձինք, թե՛ նախընտրական ծրագիրը ինձ հոգեհարազատ են:

- Որո՞նք են այն առաջնահերթությունները, որ պետք է լուծվեն համայնքում:

-Հիմնական խնդիրն այն է, որ համայնքում պետք է վերականգնվի համերաշխությունը, միասնականությունը: Այս ՏԻՄ ընտրություններում էլ մարդկանց բևեռացրել են ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ էր: Մարդկանց մեջ չկա համերաշխություն, անգամ նույն ընտանիքում տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, ինչը լուրջ խնդիրների առիթ է դառնում: Համերաշխությունն ու միասնականությունը հնարավոր է վերականգնել մարդու կարիքը լսելով, նրան հասկանալու ճանապարհով, բայց լուծել ոչ թե անհատական մակարդակով, ինչպես արվել են մինչև հիմա, այլ համակարգային:
Երկրորդ առաջնահերթությունն ինձ համար անվտանգությունն է, ինչը մարտահրավեր է ոչ միայն համայնքի, այլև Հայաստանի համար: Սա գլոբալ, ոչ այնքան համայնքային կոնտեքստում լուծվող խնդիր է, բայց այն ավելի է ահագնանում, երբ տեսանելի է, որ տեղի իշխանությունները զբաղված են միջանձնային հարցեր պարզելով կամ միմյանց գզվրտելով:  
Ինձ համար կարևոր նշանակություն ունի նաև ներհամայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք շփվում ենք բնակիչների հետ և տեսնում, որ երիտասարդները համայնքից հեռանում են, իսկ մնացած անձինք պայմաններ չունեն անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, զբաղվածության հարց լուծելու և այլն: Այս շարքում ես հատկապես կնշեի կանանց զբաղվածության խնդիրը, այսինքն մարդկանց կենսագործունեության համար մինիմալ պայմաններ համայնքում գոյություն չունեն:

– Ի՞նչ խոչընդոտներ են հանդիպել քաղաքականությամբ զբաղվելու ճանապարհին:

– Իրականում ես իմ այս առաջադրումը չեմ դիտարկում որպես քաղաքական դաշտ մտնելու փորձ, ինձ համար սա քայլ  է, որը համայնքի խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս: Խոչընդոտներ թերևս չեն եղել, որովհետև ես ունեմ ինքնուրույնություն, որոշումներ կայացնելու ունակություն, որևէ ազդեցությունից դուրս եմ: Հուսամ այս ամենը կկարողանամ օգտագործել նաև  ընտրվելու դեպքում ի շահ համայնքի:

Գորիս համայնքի ավագանու ընտրություններում ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին։ 
Բոլորս դեպի անվտանգ ու միասնական Գորիս: