Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը լքել է Հայաստանը
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
Այնուհետեւ դատարանը բավարարել է Ուզունյանին կալանավորելու միջնորդությունը:
«Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու եւ բավարար հիմքերի հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասել է Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: