Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին (տեսանյութ)
«Եվրոնյուզ»-ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, անդրադարձել են արտաքին քաղաքականության. ԵՄ հետ համագործակցության, գազի գնի, տնտեսության վերաբերյալ հարցերին։
Եվրոնյուզի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանի ներկա սերունդը միայն մեկ առաջնորդի ճանաչի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա ընտրվի նորից և նորից, վարչապետը պատասխանել է.
«Եթե ես ընտրվեմ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետության վտանգ լինի, դրա համար ոչ մի շանս չի լինի: Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքներից է բխում»:
Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունները հավասարակշռելու մասին հարցին Փաշինյանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որ հավասարակշռություն բառը ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է ավելի ամրացնել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ու վճռական է այն իրագործելու հարցում:
Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա կանխարգելման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ և այլն: Զրույցում անդրադարձ է եղել նաև գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցություններին: Այդ խնդրում ուկրաինական փորձի մասին լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որ մենք պետք է ուկրաինական փորձի վրա ինչ-որ բան սովորենք: Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում ցանկացած համագործակցության հնարավորություն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Մենք դա կքննարկենք նաև ԵՄ-ի հետ»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ