Նիկոլ Փաշինյանը սխալ է. 2019-ին բանակում զոհերի «պատմական մինիմում» չի արձանագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել` հաղորդելով, որ Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։
Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- մասնավորապես, գրել է Փաշինյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Նշենք, որ ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում էր կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա»,- գրել էր Աբրահամյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2018 թվականին լայնածավալ տեղեկանք էր հրապարակել 1994 թվականից ի վեր ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի վերաբերյալ՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների, զանգվածային
լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։
Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տվյալները՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Այսպես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45:

Ավելին, համաձայն տեղեկանքի՝ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց է տալիս, որ աննախադեպ ցածր զոհերի թիվ է եղել նաև 2003-2007 թվականներին: Տվյալները հավաքել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ հիմնվելով Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների ու պետական այլ կառույցների, ինչպես նաև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության, «Ռազմինֆո» լրատվական կայքի և այլ կառույցների ներկայացրած տվյալների վրա։
Ըստ ուսումնասիրության` 2003-ին զոհվել է 40 զինծառայող, 2004-ին՝ 38, 2005-ին՝ 47, 2006-ին՝ 33 (ըստ զինդատախազության՝ 36), 2007-ին՝ 31 զոհ (ըստ զինդատախազության՝ 50):
Այսպիսով, հիմնվելով գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի վրա, ըստ որոնց` 2019 թվականին բանակում գրանցվել է 49 զոհ, և համեմատելով այդ թիվը նախորդ տարիներին գրանցված զոհերի քանակի հետ` պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2019-ին բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, սխալ է:
Լուսինե Ոսկանյան