Ով կփոխարինի Ռուստամ Մուրադովին
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար։
Նախարարության փոխանցմամբ` հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։
Ըստ ռուսական մամուլի՝ Մուրադին հնարավոր է փոխարինի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։
Ավդեևը ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է։ Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ավդեևը ազգությամբ ուզբեկ է։
Իսկ Sputnik Արմենիայի տեղեկություններով, ՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։
Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։