Ուկրաինան ու ՌԴ-ն պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ (տեսանյութ)
Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Տեղեկույունը հայտնում է «Բելտան»:
«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված»,- ասել է Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն արդեն բանակցությունների երրորդ փուլում՝ սեղմ ժամկետներում։
Պոդոլյակը նաև ընթերցել է ռուս-ուկրաինական հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունը։
«Կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման, ինչպես նաև առավել թեժ մարտերի վայրերում դեղորայքի և սննդամթերքի ապահովման հարցերի վերաբերալ՝ ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ այն ժամանակահատվածում, երբ տարհանում է իրականացվելու»,- նշված է տեքստում։
Պոդոլյակը պարզաբանել է, որ խոսքը կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորության մասին է և ոչ թե ամենուր, այլ միայն այն վայրերում, որտեղ տվյալ ժամանակահատվածում գործելու են մարդասիրական միջանցքները։
«Այդ նպատակով մոտ առաջիկայում կկազմակերպվեն հատուկ կապի և փոխգործակցության ուղիներ, և կձևավորվեն լոգիստիկ ընթացակարգեր»։
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին, կրկին Բելառուսում, հայտնել է Միխայիլ Պոդոլյակը: