Ուլոյան. «Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերից քաղաքական դաշտը հոգեխանգարվել է»
Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերից քաղաքական դաշտը հոգեխանգարվել է: Ինչո՞ւ: Քանի որ մեկը հանդգնել է սասանել իրենց ստեղծած ու հավասարակշռության բերած կոմֆորտը: Իրենց ստեղծած միջավայրում բոլորը գոհ են իրենց դերերից:
Սպառված գործիչներ, սպառված հռետորաբանություն, աղավաղված ու մանիպուլացված անցյալ ու ներկա:
Կույր պետք է լինել, չտեսնելու համար, թե ինչպես է փաշինյանական իշխանությունը կառչել իշխանությունից: Կատարյալ մոլորության կամ իշխանական բուրգի հետ կապերի մեջ պետք է լինել, որպեսզի իշխանության վարքագծի վերաբերյալ արդարացումներ գտնել:
Կույր պետք է լինել, չտեսնելու համար, որ «ընդդիմության լիդեր» հռչակված Քոչարյանը սպառված է: Վերջինիս «լիդերությամբ» Փաշինյանին օրինական եղանակներով հեռացնելու որևէ խոսակցություն ի կատար ածվելու որևէ շանս չունի ու սպասարկում է բացառապես Քոչարյանի անձնական սահմանափակ շահերը: Մեկ տարին լիուլի բավարար էր հասկանալու համար, որ քանի դեռ Փաշինյանի այլընտրանքը ներկայանում է Քոչարյանը, ժողովրդի լայն զանգվածների համախմբում չի լինելու:
Կույր պետք է լինել, չտեսնելու համար Քոչարյանի ու Սարգսյանի միջև եղած կուլիսային թշնամանքը, որը տարիների պատմություն ունի:
ՀՀԿ-ական ֆեյքերն ու վերնախավի ներկայացուցիչներն էլ փորձում են ապացուցել, թե Սարգսյանը իշխանության չի ձգտում: Նախ, իշխանության չձգտող մարդը կուսակցություն չի ղեկավարում ու քաղաքական ուղենիշներ չի սահմանում, բացի այդ, եթե Սարգսյանն անձնապես չի էլ հավակնում իշխանության, ապա ՀՀԿ-ն վստահաբար հավակնում է: Եթե վերհիշենք նաև Սարգսյանի կողմից 2014 թվականի հայտնի հավաստիացումներն ու 2018 թվականին դրանց ուրացումը, իրավիճակի դրամատիկությունն ավելի ակներև կդառնա:
Իրողություններից կիլոմետրերով պետք է հեռու լինել, որպեսզի կարծել, թե եղած «լիդերներից» կամ կուսակցություններից մեկի ղեկավարությամբ հնարավոր է իրավիճակ փոխել: Մյուս կողմից, կատարյալ աննորմալություն է պետության ողբերգական վիճակն արհամարհելը, կամ համակերպվելուն միտված տրամադրությունները: Այս իրողությունները ոմանց համար հստակ էին անցած տարվա հունիսյան ընտրություններից դեռ ամիսներ առաջ: Հենց սրանով էր պայմանավորված Տեր-Պետրոսյանի հայտնի առաջարկը Քոչարյանին ու Սարգսյանին: Դա, իսկապես, հրաշալի լուծում էր ենթադրելու:
Պետական շահով առաջնորդվելու փառավոր պրակտիկա կուտակած Քոչարյանն ու Սարգսյանը, բնականաբար, մերժեցին այդ առաջարկը` սեփական ուժերով Փաշինյանին «կռելու» վստահությամբ: Հակառակ դրան, նրանք կարող էին անձնական հավակնություններից իրապես հրաժարվել, իրենց ներուժով համախամբել այլ ուժեր ու զանգվածներ, ներկայանալ պրոֆեսիոնալներից, մտավորականներից կազմված թիմով, որից հետո Փաշինյանը, վստահաբար, 50+ ձայն չէր կարողանալու հավաքել:
Հիմա էլ կարող է այս հնարավորությունը կորսված չէ, սակայն դատելով Քոչարյանի ու Սարգսյանի վերջին ելույթներից, նրանք հարմարավետ են զգում իրենց ներկայիս դերերում: Սա կարող է թելադրված լինել երկու հանգամանքով.
1. Իրենց համար առաջնահերթն իրենց ներքին փոխհարաբերություններն ու շահերն են,
2. Ներկայիս իրենց գործունեությունը թելադրված է զուտ օրակարգում որպես «այլընտրանք» մնալու մտադրությամբ` սպասումով, թե երբ են «մութ ուժերը» Փաշինյանից քամելու իրենց ցանկությունները, որից հետո հաջորդ իշխանությունների մասով պատասխանատվության հարցեր այլևս չեն լինի և նույն այդ «մութ ուժերի» աջակցությամբ, որպես «այլընտրանքային» ուժեր, նրանք կգան «ազգը փրկելու»: