Միտրոպոլիտ Փաչուաշվիլի. Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Վրաստանի Պատրիարքի հուղարկավորությանը, սակայն նրա համար խոչընդոտներ են ստեղծում
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտարարել է, որ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը։
Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան, սակայն նրա համար խոչընդոտներ են ստեղծում։
«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա», — TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում։ Նա մահացել է հիվանդանոցում՝ մարտի 17-ի երեկոյան, նրան կհուղարկավորեն մարտի 22–ին։
Ներկայացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագիրը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով.
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։
«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։
Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։


