Փաշինյանը՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում կիրառվող արտահայտությունների մասին
ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում կիրառվող որոշ տերմինների` մեկնաբանելով դրանց նշանակությունը:
Դրանցից առաջինն այսօր տարբեր կերպ մեկնաբանվող «ագրեսիվ հռետորաբանություն» արտահայտությունն է: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ղարաբաղյան հարցի համատեքստում ագրեսիվ հռետորաբանություն են այն բոլոր շեշտադրումները, որոնք վերաբերում են հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:
«Հայկական կողմը միշտ էլ ասել է, որ մենք հարցի լուծումը պատկերացնում ենք խաղաղ ճանապարհով, ինչը չի նշանակում, թե մենք անհրաժեշտ չենք համարում, որ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի նաև պատերազմի»,- ասաց Փաշինյանը:
Իսկ հարցի խաղաղ լուծման համար, ըստ նրա, նախ պետք է խաղաղ մթնոլորտ հաստատվի:
«Այսօր տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատված չէ առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով, և, եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար, մենք մեր կողմից պետք է մեր ոչ ագրեսիվ հռետորաբանությունն արձանագրենք և արձանագրում ենք։ Բայց դա չի նշանակում, թե մենք որևէ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում»,- մեկնաբանեց Փաշինյանը:
Պատգամավոր Արման Աբովյանի հիշատակած հաջորդ արտահայտությունը, որին անդրադարձավ վարչապետը, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն» է:
Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այդ արտահայտության մեջ «ժողովուրդներին» և ոչ թե «ժողովրդին» ձևակերպման վրա.
«Չի ասվում ժողովրդին նախապատրաստել խաղաղության, այլ ասվում է ժողովուրդներին: Հետևաբար, եթե մի երկրում կառավարությունն իր ժողովրդին չի նախապատրաստում խաղաղության, հակամարտության կամ բանակցային կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող ժողովրդին պատրաստել խաղաղության»:
Փաշինյանը նաև շեշտեց, որ իրենք բազմիցս ասել են, որ լինելու են իրավիճակին համարժեք.
«Եթե մեր հարևանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, հետևաբար, մեր պատասխանը պետք է լինի համարժեք: Հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»:
Արցախյան հիմնախնդրի բանակցություններում մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց Փաշինյանը։