Պատմության այս օրը. մայիսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը
1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի):
1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: 1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ:
* Մայիսի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005 - Ֆրանսիացիները հանրաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությանը։
2005 - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:
2000 - Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը Բոստոն քաղաքից տեղափոխվեց Հայաստան, այն ամփոփվեց Ապարանի հուշահամալիրում:
1997 - Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրում են սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիր:
1988 - ԱՄՆ-ի Նախագահ Ռ. Ռեյգանն այցելեց ԽՍՀՄ։
1963 - Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
1961 - Ստեղծվեց մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը՝ «Amnesty International»-ը։
1957 - ԱՄՆ-ում բացվեց ձայնագրության ազգային ակադեմիան, որը հիմնեց երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակը։
1928 - Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը:
1918 - Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
- 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
- «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սուլուխ գյուղում (Բիթլիսի վիլայեթ) ընկավ թուրքերի շրջապատման մեջ։
- Մարտի ժամանակ Չավուշը ծանր վիրավորվեց։ Գիշերը հայդուկներին հաջողվեց ճեղքել շրջապատումը և տանել Չավուշին, սակայն հաջորդ օրը նա մահացավ ծանր վերքերից։
1898 - Առաջին անգամ լուսանկարվեց Թուրինի մայր տաճարում գտնվող այն սավանը, որով, ըստ Ավետարանի, փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։
1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:
1830 - ԱՄՆ-ում օրենք ընդունվեց հնդկացիների վերաբնակեցման մասին:
1812 - Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:
585 - Ք.ա. Լիդիայի և Մեդիայի արքաները, ենթադրելով, որ Արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դադարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխանության համար պայքարը։
Читать на русском