Պայմանագրային զինծառայող է մահացել
Կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված պայմանագրային զինծառայողը մահացավ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, զինծառայողի կենսաբանական մահը գրանցվել է ժամը 11:35-ի սահմաններում։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: