Փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում կեսգիշերին ևս մեկ հայ զինծառայողի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով»:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ` շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), և 2 վիրավոր։