«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխաների հետ ժամանել է Հայաստան

Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխաների հետ ժամանել է Հայաստան

 Հայաստան ժամանեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ։
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

WCIT 2019-ի ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանն օդանավակայանում սպասող լրագրողներին տեղեկացրեց, որ Քարդաշյան քույրերը եկել են իրենց երեխաների հետ։ Յոթ երեխա է նրանց հետ։ Երեխաների քնած լինելու պատճառով նրանք հյուրանոց են մեկնել՝ դուրս գալով օդանավակայանի նախագահական ելքով։ Քարդաշյանը խոստացել է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ 
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։