Քոչարյանի մասին РЕН ТВ-ի ռեպորտաժում բազմաթիվ կեղծիքներ կան
Ռուսական մամուլը շարունակում է անհանգստանալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությամբ՝ ներկայացնելով փաստերն այնպես, ինչպես իրականում չեն եղել, գրում է fip.am-ը:
Ռուսական РЕН ТВ-ն, մասնավորապես, վերջերս ցուցադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ռեպորտաժ, որտեղ վերջինս ներկայացվում է որպես «նոր ռեժիմի ճնշումների զոհ»: Հատկապես ուշագրավ էին ռեպորտաժում առկա մի քանի սուբյեկտիվ և խեղաթյուրված մտքեր, որոնք կներկայացնենք ստորև.
Ե՞րբ է հարուցվել քրեական գործը
Հեռուստաընկերության հաղորդավար Վիկտոր Սենյոգը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անմիջապես իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո:
Իրականում, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածել էր 2018 թվականի հուլիսի 26-ին, իսկ Քոչարյանն իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարել էր 2018 թվականի օգոստոսի 16-ին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը
Ռեպորտաժում ներկայացվում է, թե Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունք չունենալուն: Սակայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:
2008թ․-ի նախագահական ընտրությունները և իշխանության հանձնումը
Տեսանյութում նաև նշվում է, որ չնայած միջազգային դիտորդները նախագահական ընտրություններում թերություններ չեն հայտնաբերել, սակայն դժգոհ ընդդիմադիրները շարունակել են թալանել խանութներ և հարձակվել ոստիկանության վրա։
Այս առումով հարկ է փաստել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը, անդրադառնալով 2008 թվականի ընտրական գործընթացին և դրան հաջորդող օրերին, նշել է, որ ժողովրդավարական ընտրությունների չափանիշների նկատմամբ ցուցաբերվել է անբավարար հարգանք, և արժեզրկվել է ամբողջ ընտրական գործընթացը, ինչի հետևանքով ի հայտ են եկել լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրություններից հետո։
Մարտի 1-ի դեպքերի ներկայացում
РЕН ТВ-ին, անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին, մեղադրում է ցուցարարներին խանութներ թալանելու և ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Ռուսական հեռուստաընկերության ռեպորտաժում ոչինչ չկա այն մասին, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր, ըստ որոնց՝ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ իբր առկա են զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր: Այս ամենին զուգահեռ, չի ներկայացվում, թե ոստիկանությունը և բանակը ինչ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, ինչպես նաև ոչ մի անդրադարձ չի կատարվում Մարտի 1-ի 10 զոհերին և տասնյակ վիրավորներին:
Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը
Ռեպորտաժում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հրահանգել է «ավարտել» Քոչարյանի գործը: Իրականում, սակայն, հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հրահանգ չի տվել։
Գործի նյութերին ծանոթանալու ժամկետը
Ռեպորտաժում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դժգոհություն են հայտնում, որ գործի նյութերին՝ 76 հատոր, ծանոթանալու համար իրենց տրվել է 50 օր՝ մեկ ու կես անգամ ավելի քիչ, քան ընդունված է։ Մինչդեռ ՀՀ օրենսդրությունը նյութերին ծանոթանալու համար կոնկրետ ժամկետներ չի սահմանում։ Գործնականում մեկ հատորին ծանոթանալու համար տրվում է առավելագույնը մեկ օր, իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, գործի քննությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամանակահատվածում։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվում է ոչ թե մեկ, այլ մի քանի պաշտպաններ, հետևաբար՝ դատարանի կողմից տրված 50-օրյա ժամկետը հնարավոր է դիտարկել որպես ողջամիտ ժամանակահատված։
Ռուսական մամուլը, ընդհանուր առմամբ, Հայաստանին վերաբերող, իրականությունն աղավաղող ու մանիպուլյատիվ հրապարակումներով հանդես է գալիս բավական հաճախ։ Վերջերս, օրինակ, fip.am-ն անդրադարձել էր մեկ այլ հրապարակման, որտեղ փորձ էր արվում հիմնավորել, թե Հայաստանում անցկացված CampCamp2018 միջոցառման անցկացմամբ ԱՄՆ-ն փորձ է արել գունավոր հեղափոխություններ իրականացնել Ռուսաստանում և Բելառուսում։
Մերի Մնացականյան