Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
«Երկու կողմերի (պաշտպաններ և ՀՔԾ-հեղ.) միջնորդությունների քննարկումը ավատրվեց: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին»,- ասաց Մուրադյանը:
Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Դատարանը միևնույն ժամանակ քննել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: