ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են (թարմացվող)
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արագածավանի բնակիչներիկց մեկը:
Գյուղացիների պնդմամբ՝ Արագածավանում անչափահաս երեխային ծեծի ենթարկած ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է հայտնվել նմանատիպ միջադեպի կիզակետում:
Հիշեցնենք՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված էր էպիլեպսիա հիվանդություն։
Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
Լրացված.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.
«2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են»։